ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի տեղեկատվական կենտրոնի նախկին գրասենյակը վաճառվել է

Թբիլիսիում՝ Ազատության հրապարակի հարևանությամբ գտնվող պետական գույքն աճուրդում վաճառվել է 34 մլն 810 հազար լարիով, ինչը 21 մլն լարիով ավելի է մեկնարկային գնից։

Նշված շենքում մինչև անցյալ տարի տեղակայված էր ՆԱՏՕ-ի և Եվրոպական միության տեղեկատվական կենտրոնի գրասենյակը, որը լուծարվել էր 2025 թվականին։

Աճուրդն ավարտվել է օգոստոսի 13-ին։ Կառույցը գտնվում է Թբիլիսիի Շալվա Դադիանիի փողոց N2 / Կոտե Աբխազի փողոց N1 հասցեում և ներառում է 478 քմ ոչ գյուղատնտեսական նշանակության հողամաս ու դրա վրա գտնվող շենք-շինությունը։ Գույքի վաճառքը ենթադրում է նաև ներդրումային պարտավորություններ։

«Պետական գույքի ազգային գործակալության» վաճառքի հանած օբյեկտի մեկնարկային գինը 14 մլն 80 հազար լարի էր։

Շենքն ունի մշակութային ժառանգության անշարժ հուշարձանի կարգավիճակ։ Գույքի մասնավորեցման պայմանն է առավելագույնը 4 տարվա ընթացքում առնվազն 5 մլն լարիի ներդրում անելը և տարածքում բիզնես-օբյեկտի (հյուրանոց, գրասենյակ, առևտրի կամ սննդի սրահ) գործարկումը։

«Գույքի մասնավորեցման պայմանների համաձայն՝ առուվաճառքի համապատասխան պայմանագրի կնքումից հետո՝ ոչ ավելի, քան 48 ամսվա ընթացքում, անձամբ կամ երրորդ անձանց միջոցով, մասնավորեցվող անշարժ գույքում առևտրային/բիզնես գործունեություն ծավալելու նպատակով պետք է ստեղծվեն և սկսեն գործել գրասենյակային տարածքներ, միջազգային օպերատոր ընկերության (կամ դրանց մասնաճյուղերի) ցանցային հյուրանոց(ներ), առևտրի կամ սննդի օբյեկտ(ներ) (բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների առօրյա առևտրի կետերի)», — նշված է աճուրդի վերաբերյալ տեղեկության մեջ։

Սեփականատերը նաև պարտավոր է առուվաճառքի պայմանագրի կնքումից հետո ոչ ավելի, քան 1 ամսվա ընթացքում Վրաստանի մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալության կամ Թբիլիսիի քաղաքապետարանի հետ կնքել մասնավորեցվող անշարժ գույքի՝ որպես հուշարձանի պահպանման ու խնամքի պայմանագիր։