Օզուրգեթիի քաղաքապետը հրաժարական է տվել

Օզուրգեթիի քաղաքապետ Պաատա Կունճուլիան լքում է պաշտոնը։ Իր հրաժարականի մասին նա ծավալուն հայտարարություն է տարածել սոցիալական ցանցում։

Կունճուլիան գրել է, որ քաղաքականության մեջ լինելը «շատ բարդ ստացվեց»։ Նա բոլորին կոչ է արել «ըստ արժանվույն գնահատել» այն մարդկանց, որոնք տարիներ շարունակ քաղաքականության մեջ են, «դիմանում են արտաքին թե ներքին ծանրագույն հարձակումներին» և «ամուր կանգնած են հայրենիքի պահապան դիրքերում»։

Նա նաև իր նեղսրտությունն է արտահայտել առ այն, որ «արհեստականորեն ստեղծված խնդիրներին զուգահեռ չի զգացել պատշաճ աջակցություն»։

Կունճուլիան շնորհակալություն է հայտնել քաղաքապետարանի աշխատակիցներին, Օզուրգեթիի բնակիչներին և «Վրացական երազանք»-ին։ Կունճուլիան նշել է, որ մնում է «Վրացական երազանք»-ի հավատարիմ, շարքային զինվորը։