Օգոստոսի 14-ի գիշերը մայրաքաղաքում տեղացած հորդառատ անձրևը լուրջ խնդիրներ է առաջացրել։ Ջրասույզ են եղել փողոցներ, մասնավոր տներ, շենքեր, գրասենյակներ ու նկուղներ։ Թբիլիսիի քաղաքապետարանի հայտարարությամբ՝ ամբողջ քաղաքի մասշտաբով անխափան ռեժիմով ընթանում են փողոցների մաքրման և տարերքի հետևանքների վերացման աշխատանքներ։
Ըստ հաղորդագրության՝ հետևանքների վերացման գործընթացում լիովին ներգրավված են Թբիլիսիի քաղաքապետարանի համապատասխան ծառայությունները, շրջանային վարչությունները և Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցները։
«Թբիլսերվիս գրուպ» ՍՊԸ-ի ջրահեռացման և դրենաժային ցանցերի ծառայությունը շարունակում է աշխատանքը արտակարգ ռեժիմով։ Քաղաքապետարանի տվյալներով՝ ամբողջ քաղաքում ակտիվորեն իրականացվում են ջրի դուրսմղման և տարածքների մաքրման աշխատանքներ։ «Թբիլսերվիս գրուպ»-ի շարժական խմբերը տեղաբաշխված են բոլոր այն խնդրահարույց կետերում, որտեղ առատ տեղումները խոչընդոտել են երթևեկությունը կամ վտանգ ստեղծել քաղաքացիների համար։
Քաղաքապետարանի հայտարարության համաձայն՝ մաքրման աշխատանքներում ներգրավված է ինչպես հատուկ ծանր տեխնիկա, այնպես էլ աշխատուժ։ Զուգահեռաբար լվացվում և մաքրվում են ջրահեռացման ցանցերն ու հորերը, որոնք անձրևի հետևանքով լցվել են աղբով։
Ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է արել «Թբիլսերվիս գրուպ»-ի ղեկավար Գիորգի Պապավան՝ ընդգծելով, որ գործընթացը չի դադարի մինչև խնդիրների ամբողջական վերացումը։