Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է PASHA Holding-ի ղեկավարության հետ

Վրաստանի Էկոնոմիկայի նախարար Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է Ադրբեջանի խոշոր բիզնես խմբի՝ PASHA Holding-ի առևտրային և միջազգային նախագծերի գործադիր տնօրեն Էլչին Գադիմովին։

Նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը քննարկվել են Վրաստանում PASHA Holding-ի ընթացիկ ներդրումային նախագծերն ու դրանց զարգացման ծրագրերը։

Ըստ հաղորդագրության՝ շեշտը դրվել է ընթացիկ նախագծերի իրականացման փուլերի, նաև Վրաստանում ընկերության գործունեության ընդլայնման ու ապագա համագործակցության հնարավորությունների վրա։

«Նշվել է, որ PASHA Holding-ը Վրաստանում 2015 թվականից մինչ օրս իրականացրել է շուրջ 60 մլն ԱՄՆ դոլարի ներդրում և մոտ ապագայում նախատեսում է հավելյալ ներդրումներ կատարել։

Հանդիպմանը մասնակցել են Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Իրակլի Նադարեիշվիլին, «Ներդրումների գործակալություն» կազմակերպության նախագահ Միխեիլ Խիդուրելին, PASHA Holding-ի ներկայացուցիչները և Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության դեսպան Ֆաիգ Գուլիևը։

PASHA Holding-ը Ադրբեջանում հիմնադրված խոշորագույն դիվերսիֆիկացված բիզնես խմբերից մեկն է, որը բանկային և ապահովագրական ոլորտների հետ մեկտեղ գործունեություն է ծավալում անշարժ գույքի, շինարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում»,- նշված է հաղորդագրության մեջ։