Changi Airports International ընկերությունը հետաքրքրված է Վազիանիի նոր օդանավակայանի նախագծով։ Ընկերության տնօրենը հանդիպումներ է անցկացրել Վրաստանի կառավարության ներկայացուցիչների հետ։
Ըստ մամուլի տեղեկությունների` սինգապուրյան ընկերությունը կմասնակցի միջազգային մրցույթին, որը Վրաստանի կառավարությունը կհայտարարի Վազիանիի նոր միջազգային օդանավակայանի օպերատորի ընտրության նպատակով։
Մասնավորապես, վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է սինգապուրյան Changi Airports International-ի գործադիր տնօրեն Յուջին Գանին և BluFive Capital-ի հիմնադիր ու գործադիր տնօրեն Հազեմ Բեն-Գասեմին։
Հանդիպմանը կողմերը քննարկել են ավիացիոն ոլորտում համագործակցության հնարավորությունների հարցը։ Խոսքը վերաբերել է Վրաստանի ավիացիոն և զբոսաշրջային ոլորտների արագ աճին, նոր ավիաընկերությունների մուտքին շուկա և Վազիանիում Թբիլիսիի նոր միջազգային օդանավակայանի զարգացման նախագծին, որի հետ կապված Changi Airports International-ը համագործակցելու ցանկություն է հայտնել։ Նախագծի համաձայն՝ օդանավակայանի տարեկան թողունակությունը կլինի մինչև 20 միլիոն ուղևոր։
Վարչապետը նշել է, որ Վրաստանի կառավարությունն առանձնահատուկ կարևորում է գլոբալ ներդրումային և ավիացիոն ընկերությունների հետ գործընկերությանը։