Վրաստանի մանկապարտեզներում թունավորման դեպքեր են եղել

Սեպտեմբերի 17-ին Վրաստանի մանկապարտեզների սաների շրջանում ստամոքսաղիքաբորբի  դեպքերի ի հայտ գալուն պես գործընթացին միացել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը (NCDC)։

Կենտրոնի տվյալներով՝ այս պահի դրությամբ բուժառուների կլինիկական ընթացքը բարենպաստ է, որևէ դեպք վտանգավոր բարդություն չի առաջացրել, երեխաների մեծ մասը ապաքինման փուլում է և շուտով կվերադառնա սովորական ռիթմին։

Սեպտեմբերի 18-ի առավոտից տեղեկություն տարածվեց, որ Թբիլիսիի հանրային մանկապարտեզ հաճախող տասնյակ երեխաներ թունավորման նշաններով հայտնվել են կլինիկայում։

Երեխաները գանգատվում էին փսխումից և որովայնի ցավից։ Ավելի ուշ՝ սեպտեմբերի 19-ին, առողջապահության նախարարն ասել է, որ «մոտ 100-ից անցել է թունավորման ախտանիշներով հոսպիտալացված մանկապարտեզի երեխաների թիվը»։

Լաբորատոր հետազոտության նախնական արդյունքները ցույց են տալիս, որ դեպքերի մեծամասնության առաջացման պատճառը, բարձր հավանականությամբ, եղել է նորովիրուսը։

NCDC-ի պարզաբանմամբ՝ նշված ախտածինը աշխարհում վիրուսային ստամոքսաղիքաբորբերի հիմնական պատճառն է։ Վրաստանում վիրուսային ստամոքսաղիքաբորբերի 40-45%-ի պատճառը հենց նորովիրուսն է։