Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ հոբելյանին նվիրված միջոցառում Թբիլիսիում

Թբիլիսյան հայտնի Garden Hall սրահում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ հոբելյանին նվիրված պաշտոնական ընդունելություն և համերգ, հայտնել է Վրաստանում ՀՀ դեսպանության լրատվական ծառայությունը։

Շնորհավորական ելույթներով հանդես են եկել Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Իր խոսքում Աշոտ Սմբատյանը նշել է, որ Անկախությունը հայ ժողովրդի բարձրագույն արժեքն է, պետականության, ինքնիշխանության և ազատ ու ժողովրդավարական ապագայի հիմնասյունը։

Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամորեն առաջ է մղում խաղաղության օրակարգը՝ համոզված լինելով, որ տարածաշրջանում խաղաղության դարաշրջանի հաստատումը նոր հնարավորություններ կստեղծի կայուն զարգացման, տնտեսական համագործակցության և ժողովուրդների բարեկեցության համար։
Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին իր ելույթում նշել է, որ երկու հարևան և եղբայրական ժողովուրդների համար, անկախության, ինքնիշխանության և ազգային արժանապատվության արժեքներն առանձնահատուկ խոր նշանակություն ունեն։
Միջոցառմանը ներկա են եղել Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիորգի Վոլսկին, խորհրդարանի և քաղաքային խորհրդի պատգամավորներ, կառավարության անդամներ, գլխավոր դատախազը և այլ բարձրաստիճան վրաց պաշտոնյաներ, Վրաստանում հավատարմագրված դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, Վրաստանի հասարակական, գործարար, մշակութային շրջանակների, նաև վիրահայ համայնքի ներկայացուցիչներ։

Երաժշտական կատարումներով հանդես են եկել հատուկ Հայաստանից հրավիրված քանոնահար, ՀՀ վաստակավոր մանկավարժ Ծովինար Հովհաննիսյանն ու իր սաները՝ Քրիստինե Ենգոյանը, Միլենա Մկրտումյանը և Մերի Մուսինյանը։ Ընդունելութան ընթացքում ցուցադրվել են տեսահոլովակներ Հայաստանի զբոսաշրջային գրավչության մասին: