Թբիլիսիի մանկապարտեզների կառավարման գործակալության ղեկավար Գուրամ Օքրոպիրիձեի փոխանցմամբ՝ Թբիլիսիի հանրային մանկապարտեզներում սննդակարգի հետ կապված սահմանափակումները հանվել են։
«Ինտերպրեսնյուս»-ին նա հայտնել է, որ երեկվանից մանկապարտեզներում գործում է ստանդարտով նախատեսված սննդացանկը։
«Սեպտեմբերի 28-ից Թբիլիսիի մանկապարտեզներում հանվել են սննդակարգի այն սահմանափակումները, որոնք սահմանվել էին իրավասու գերատեսչությունների հանձնարարականների հիման վրա։ Մանկապարտեզներում արդեն գործում է ստանդարտով նախատեսված սննդացանկը՝ օրական 1292 կալորիա յուրաքանչյուր սանի համար։
Ընդհանուր առմամբ, մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը կարգավորվում է «Վաղ և նախադպրոցական դաստիարակության ու կրթության հաստատությունների սանիտարական և հիգիենիկ նորմերը հաստատելու մասին» N485 տեխնիկական կանոնակարգով։ 2026-2027 ուսումնական տարվա սկզբում «նորովիրուսով» վարակման դեպքերի ի հայտ գալուց հետո մանկապարտեզներին տրվել են լրացուցիչ ցուցումներ վիրուսի տարածման կանխարգելման և, ընդհանուր առմամբ, երեխաների ու աշխատակիցների հիգիենայի պահպանման ուղղությամբ՝ լինի անձնական հիգիենա, խմբասենյակների մաքրում, թե սանհանգույցից օգտվելու կանոնների վերահսկողություն», — ասել է Գուրամ Օքրոպիրիձեն։
Հիշեցնենք. սեպտեմբերի 18-ին հանրային մանկապարտեզների սաները թունավորման նախանշաններով տեղափոխվել էին կլինիկաներ։ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ լաբորատոր հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ մանկապարտեզներում գաստրոէնտերիտով ընթացող դեպքերի մեծամասնության պատճառը մեծ հավանականությամբ «նորովիրուսն» է եղել։ Ըստ կենտրոնի՝ այդ հարուցիչը վիրուսային գաստրոէնտերիտների հիմնական պատճառն է ողջ աշխարհում։
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ մանկապարտեզներում սաների հնարավոր թունավորման փաստով քննչական ծառայությունը հետաքննություն էր սկսել։