Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն Չինաստանում այցելել է մետրոյի վագոններ արտադրող CRRC ընկերության գործարան, որտեղ ներկայացվել են Թբիլիսիի մետրոպոլիտենի համար արտադրված նոր վագոնները։ Թբիլիսիի քաղաքապետը ծանոթացել է ընկերության արտադրական գործընթացին և զննել Վրաստանի մայրաքաղաքի համար հատուկ պատրաստված առաջին 4-վագոնանոց շարժակազմը։
Թբիլիսիի մետրոպոլիտենի թարմացման ծրագրի շրջանակում ընդհանուր առմամբ կավելանա 111 նոր վագոն, այսինքն՝ 25 նոր գնացք։ Դրանցից 14 շարժակազմը կլինի 4-վագոնանոց, իսկ 11-ը՝ 5-վագոնանոց։ Առաջին նոր շարժակազմը Թբիլիսի է հասնելու տարեվերջին։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 150 միլիոն եվրո, որից 125 միլիոն դոլարը ֆինանսավորվում է Ասիական ենթակառուցվածքային ներդրումային բանկի (AIIB) վարկով։ 111 վագոնների ձեռքբերման մրցույթը հայտարարվել էր 2025 թվականին, և հաղթող է ճանաչվել «Ջի-Թի Գրուպ»-ը, որը վագոնները կմատակարարի չինական CRRC-ից։
«Թբիլիսիի մետրոպոլիտենի թարմացումը 111 նոր վագոնով իսկապես պատմական իրադարձություն է մեր քաղաքի կյանքում, քանի որ վերջին անգամ Թբիլիսիի մետրոյին նոր վագոններ ավելացվել էին 34 տարի առաջ», — CRRC-ում կայացած միջոցառման ժամանակ ասել է Կախա Կալաձեն։
Նրա խոսքով՝ մետրոպոլիտենի թարմացման ծրագիրը չէր իրականանա առանց Վրաստանի իշխանությունների և AIIB-ի աջակցության։ Կալաձեն նաև ընդգծել է «Ջի-Թի Գրուպ»-ի և CRRC-ի համագործակցության կարևորությունը։