Վրաստանի խորհրդարանի առողջապահության հանձնաժողովը հանդիպել է ԱՀԿ ներկայացուցիչներին

Խորհրդարանի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Զազա Լոմինաձեն, հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Կախաձեի հետ միասին, հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ / WHO) Վրաստանի գրասենյակի ղեկավար Ժոաո Բրեդայի և այլ ներկայացուցիչների հետ։ Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի խորհրդարանը։

Նրանց փոխանցմամբ՝ հանդիպման նպատակն էր ԱՀԿ-ին ծանոթացնել Վրաստանում բժշկական ծառայությունների որակի բարելավման վերաբերյալ հանձնաժողովի տեսլականին ու հեռանկարներին, քննարկել առկա բացթողումներն ու ԱՀԿ-ի աջակցության հնարավորությունները։

«Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել բժշկական ծառայությունների որակի հետագա բարձրացմանն ու պացիենտի անվտանգության հարցերին։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները, այլ երկրների փորձը փոխանցելու նպատակով, հանդես են եկել շնորհանդեսներով։

«Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչների հետ կայացած հետաքրքիր և կարևոր հանդիպման ընթացքում նախանշեցինք ծրագրեր, որոնք կներկայացնենք Վրաստանի խորհրդարանին և որոնց իրականացումը շուտով կսկսենք», — հայտարարել է հանձնաժողովի նախագահ Զազա Լոմինաձեն։

Վրաստանի խորհրդարանում կայացած հանդիպմանը մասնակցում էին Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներ Թոմաս Ռոուբալը, Կախա Ղվինիանիձեն, Խրիստոս Տրիանտաֆիլուն և Յուլիա Շչերբինան», — նշված է տարածված հաղորդագրության մեջ։