Վրաստանի կառավարության որոշմամբ, տարրական դասարանների աշակերտներին դպրոցական համազգեստներ բաժանելու նպատակով, ամբողջ երկրի տարածքում հանրային դպրոցներում և քոլեջներում հատուկ տարածքներ կհատկացվեն:
Իրակլի Կոբախիձեի ստորագրած կարգադրության համաձայն՝ դպրոցներին, քոլեջներին և կրթական ռեսուրսկենտրոններին իրավունք է տրվել իրենց տնօրինության տակ գտնվող տարածքների մի մասն անհատույց, մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը, փոխանցել «Կրթական ռեսուրսներ» ՍՊԸ-ին:
Հատկացված տարածքներում (մարզադահլիճներում, դահլիճներում, դասասենյակներում) կկազմակերպվեն դպրոցական համազգեստների պահեստավորման և աշակերտներին անվճար հանձնման կետեր: Նշված որոշումը հիմնված է կառավարության կողմից հաստատված թիրախային ծրագրի վրա, որը նախատեսում է տարրական աստիճանի աշակերտներին ապահովել անվճար հագուստով:
Ընկերությանը նաև իրավունք է տրվում նույն տարածքներում տեղադրել տեղեկատվական վահանակներ և բանկային վճարային տերմինալներ: Դրանց միջոցով ծնողներին և աշակերտներին տեղեկատվություն կտրամադրվի առևտրային բանկերի այն հատուկ զեղչերի մասին, որոնք կապված են ուսումնական գործընթացի հետ:
Կառավարության կարգադրությամբ՝ տարածքներ կհատկացվեն Թբիլիսիում և Վրաստանի բոլոր տարածաշրջաններում գտնվող տասնյակ կրթական հաստատություններում: