Մարիամ Քվրիվիշվիլին Անթալիայում հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի նախարարին

Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպել է Թուրքիայի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարին: Հանդիպումը կայացել է Անթալիայում՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի (COP31) շրջանակներում:

Էկոնոմիկայի նախարարության տեղեկացմամբ՝ կողմերը դրական են գնահատել Վրաստանի և Թուրքիայի համագործակցությունը էներգետիկայի և այս սեկտորում ներդրումների ուղղություններով: Ընդգծվել է երկրների միջև համագործակցությունը ռազմավարական գործընկերության ձևաչափում: Հատուկ շեշտադրում է կատարվել երկու երկրների հարաբերությունների վրա երկկողմ և տարածաշրջանային ձևաչափերում, այդ թվում՝ էլեկտրաէներգիայի ներմուծման, արտահանման և տարանցման ուղղություններով համագործակցությանը:

«Վրացական կողմն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել Սև ծովի ստորջրյա էլեկտրահաղորդման մալուխի և կանաչ էներգետիկ միջանցքի նախագծերին: Ինչպես նշել է փոխվարչապետը, այս նախագծերի իրականացումը կնպաստի տարածաշրջանի էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքների զարգացմանը, վերականգնվող էներգիայի ոլորտում տեղական և միջազգային ներդրումների ներգրավմանը, տարածաշրջանային էներգետիկ անվտանգության ուժեղացմանն ու եվրոպական էներգետիկ շուկային ինտեգրման խորացմանը:

Հանդիպմանը շեշտվել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի (COP31) շրջանակում «Ադրբեջանի Հանրապետության, Բուլղարիայի Հանրապետության, Վրաստանի և Թուրքիայի Հանրապետության կառավարությունների միջև մաքուր էներգիայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին համաձայնագրի» ստորագրման կարևորությունը, որին Վրաստանի հետ մեկտեղ ձեռք են մեկնել Ադրբեջանի, Թուրքիայի և Բուլղարիայի էներգետիկայի նախարարները: Նշված համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանում էներգետիկ կապակցվածության զարգացմանը, էներգետիկ անվտանգության ուժեղացմանը, մաքուր էներգիայի աղբյուրներից արտադրված էլեկտրաէներգիայի փոխանցմանն ու մատակարարմանը, ինչպես նաև համապատասխան ենթակառուցվածքների զարգացմանը:

Հանդիպմանը մասնակցել են էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Գենադի Արվելաձեն և Թուրքիայի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արչիլ Կալանդիան»,- նշված է տեղեկատվության մեջ: