Տարիների սպասումից հետո Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը պատրաստվում է վերաբացել իր դռները հանդիսատեսի առջև։ Դեռևս 2010 թվականին վթարային ճանաչված և հիմնովին վերակառուցված մշակութային օջախում շինարարական աշխատանքներն արդեն եզրափակիչ փուլում են, և մնացել են միայն վերջին շտկումները։
Հայաստանից դուրս գործող հայալեզու միակ պետական թատրոնի նորոգման մասին, ինչպես նաև թե որքանով է թատրոնը պատրաստ վերաբացմանը և ինչ ծրագրերով է ընդունելու հանդիսատեսին, «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում մանրամասնել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը․
«Ինչպես բոլոր թատերասերները գիտեն, մենք այս տարի դարձանք 170 տարեկան. սա աշխարհի միակ պետական հայկական թատրոնն է, որը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս։ Չկա մեկ հայ մեծ դերասան, մեկ հայ մեծ ռեժիսոր, որ գործած չլինի Թբիլիսիի հայկական Թատրոնում. այս թատրոնում գործել են մեր հանճարները, ինչպիսիք են՝ Իսահակ Ալիխանյանը, Չմշկյանը, թատրոնը 2 տարի ղեկավարել է մեծանուն դերասան Վահրամ Փափազյանը…»։

Գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ շատ կարևոր ամիսներ և օրեր են, քանի որ ավարտված է շենքի կառուցումը և թատրոնը պատրաստ խաղացանկով վերադառնում է դիմավորելու իր հանդիսատեսին։
«Ինչ վերաբերվում է հստակ օրվան, օր նշել չեմ կարող, բայց այս տարի շենքը հանձնվում է, և եթե զգանք, որ օրինակ դեկտեմբերին եղանակները լավն են հանդիսատեսին դիմավորելու համար՝ կարող ենք դռները բացել, եթե ոչ՝ ապա կսպասենք մի քիչ էլ, և մարտ ամսին, թատրոնի միջազգային օրվա առթիվ, կբացենք մեր 171-րդ թատերաշրջանը»։


Բայանդուրյանը «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում կարևորեց նաև հանդիսատեսին, նրանց աջակցությունն ու մեծ սպասումը. նաև ընդգծեց՝ 15 տարի է, որ թատրոնի դերասանները հարազատ շենքում ներկայացում չեն խաղացել. «15 տարի թատրոնը անընդհատ եղել է շրջագայության մեջ՝ ոչ իր շենքում, և այս տարիների ընթացքում թատրոնը մեկ վայրկյան կանգ չի առել»։
«Այժմ եկել է մի սերունդ, որը սերտորեն կապված չէ թատրոնի հետ. մենք շատ կցանկանայինք, որ երիտասարդները սիրեին թատրոնը. այսօր մեր թատրոնի ստեղծագործական կազմի 97 տոկոսը երիտասարդներ են, և այդ երիտասարդներին շատ հարկավոր է երիտասարդ հանդիսատես, որպեսզի նրանք ճանապարհ բացեն ապագա թատրոնի համար, լինի ամուր կապ դահլիճի և բեմի միջև»։
Հիշեցնենք, որ Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը հիմնվել է 1856 թվականին և արդեն 170 տարեկան է։ Ավլաբարիում գտնվող շենքում թատրոնը սկսել է գործել 1937 թվականից, իսկ մինչ այդ՝ Շոթա Ռուսթավելիի անվան պետական դրամատիկական թատրոնում։
Թատրոնի գեղարվեստական ղեկավարը ընդգծեց նաև, որ թատրոնը սերտորեն կապված է հայաբնակ շրջանների հետ, ինչպիսիք են Քվեմո Քարթլին և Սամցխե Ջավախեթին.
«Այս առումով մենք խնդիր ունենք Ջավախքի հանդիսատեսի հետ, և շատ կցանկանայինք, որ մեր հյուրախաղերը Ջավախքում տոն լիներ տեղի բնակչության համար։
Առիթից օգտվելով նշեմ, որ մեր հանդիսատեսը պետք է իր հետ բերի նաև ոչ հայերի, որովհետև մեր բոլոր ներկայացումները թարգմանվում են երկու լեզվով, մենք կունենանք բոլոր ներկայացումների թարգմանությունը վրացերեն, նաև անգլերեն… Կաշխատենք, որ ունենանք խաղացանկ նաև մեր մանուկների համար։
Եվ այսպես, պիտի որ թատրոնը հետաքրքիր լինի երիտասարդ սերնդի համար, իսկ մեզ համար կարևոր է մեր հանդիսատեսը, քանի որ ինչքան իմաստուն հանդիսատեսը, այնքան իմաստուն է թատրոնը»,-իր խոսքը եզրափակեց Բայանդուրյանը։
Նշենք, որ «Ալիք Մեդիա Վրաստան»-ը վաղուց է հետևում թատրոնի շինարարական աշխատանքներին և պարբերաբար անդրադարձել է վերակառուցման ընթացքին, ժամկետների փոփոխությանն ու զարգացումներին։ Ավելին կարդալու համար սեղմեք այստեղ։
Թատրոնի վերակառուցված շենքից լուսանկարներ կարող եք դիտել ստորև.







