Բակալավրի և մագիստրոսական ծրագրերի շրջանակներում նախատեսվում է ներդնել երկակի կրթություն

Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը դիմել է Խորհրդարանին «Բարձրագույն կրթության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու համար: Օրինագծի համաձայն` նախատեսվում է բակալավրի և մագիստրոսական ծրագրերի շրջանակներում ներդնել երկակի կրթություն:

Երկակի կրթությունը բարձրագույն կրթության ծրագրի իրականացման ձև է, որը համատեղում է ակադեմիական կրթությունը իրական աշխատանքային միջավայրում ուսուցման հետ: Համապատասխանաբար, կրթական գործընթացը մասամբ իրականացվում է բարձրագույն ուսումնական հաստատությունում, մասամբ՝ իրական աշխատանքային միջավայրում:

«Երկակի կրթության զարգացումը նպաստում է բարձրագույն ուսումնական հաստատությունների և գործատուների միջև երկարաժամկետ համագործակցության հաստատմանը։ Նման համագործակցությունը թույլ է տալիս բարձրագույն ուսումնական հաստատությանը ավելի լավ հաշվի առնել համապատասխան ոլորտի գործնական կարիքները՝ ծրագիր մշակելիս, իսկ գործընկեր կազմակերպությանը՝ մասնակցել ապագա անձնակազմի մասնագիտական ​​կարողությունների զարգացմանը։

Երկակի կրթությունը հնարավորություն է ստեղծում ուսանողների համար ուսման ընթացքում ձեռք բերել ծրագրին անմիջականորեն կապված աշխատանքային փորձ և ավելի լավ պատրաստվել մասնագիտական ​​գործունեությանը», — նշում է Կրթության և գիտության նախարարությունը։