Աբխազիայում կրկին սպառնում են փակել ՄԱԿ-ի ծրագրերը

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարարությունը սպառնում է փակել ՄԱԿ-ի ծրագրերը՝ թափանցիկության պահանջներին չհամապատասխանելու պատճառով։

Դե ֆակտո արտաքին գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ ծրագրերի մասին տեղեկատվությունը վերահսկելու համար Աբխազիայի «արտաքին գործերի նախարարությունը» խնդրել է հանդիպում Աբխազիայում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակի ղեկավարի հետ։

«Ի պատասխան նշված հարցման՝ նամակ ենք ստացել, որ քննարկել են անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու այլընտրանքային ձևեր, այլ ոչ թե քաղաքական մակարդակով հանդիպում։ Նման գործողությունները կասկածի տակ են դնում նրանց գործունեության թափանցիկությունը։ Աբխազիայի արտաքին գործերի նախարարությունը միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների հիմնական համակարգող մարմինն է և իրավունք ունի հանդիպումներ պահանջելու միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների և ՄԱԿ-ի գործակալությունների ղեկավարների հետ»,- հայտարարել են դե ֆակտո ԱԳՆ-ից:

Ի դեպ, 2021 թվականին Ռուսաստանի նախագահի աշխատակազմի աշխատակից Ինալ Արձինբային Աբխազիայի արտաքին գործերի դե ֆակտո նախարար նշանակելուց հետո ԱԳՆ-ն պարբերաբար սպառնում է փակել Աբխազիայում աշխատող միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների ծրագրերը։