Աղմկահարույց օրինագիծը. բանակում կծառայեն բոլոր հոգևորականները, բացի ուղղափառներից

Վրաստանի խորհրդարանում գրանցվել է «ռազմական պարտականությունների ու ռազմական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու օրինագիծը: Օրինագիծը բուռն քննարկումների առիթ է դարձել, որոշ հասարակական և քաղաքական գործիչներ պնդում են, որ այն խտրականության էլեմենտներ է պարունակում․ օրինագիծը ենթադրում է պարտադիր զինծառայություն բոլոր հոգևորականների համար, բացի ուղղափառ եկեղեցու սպասավորներից:

Օրինագծի հեղինակը Վրաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի ղեկավար Իրակլի Սեսիաշվիլին է: Նրա խոսքով վերջին շրջանում ստեղծվում են կրոնական կազմակերպություններ, որոնց նպատակն է երիտասարդներին որպես եկեղեցու ծառայողներ՝ ազատել պարտադիր զինծառայությունից:

Նման կազմակերպություն ստեղծել էր «Գիրչի» ընդդիմադիր կուսակցությունը: Այն կոչվում է «աստվածաշնչյան ազատություն»։ Երիտասարդներն անդամակցելով հոգևոր կազմակերպությանը հնարավորություն են ստանում խուսափել բանակում ծառայությունից: Աստվածաշնչյան ազատությունն ունի 6 908 հետևորդ: Սեսիաշվիլիի խոսքով օրենքի այս կետից օգտվում է նաև 165 Եհովայի վկա և ուղղափառ եկեղեցու 50 ներկայացուցիչ:

Ինչ վերաբերում է Գիրչիի հիմնադիր Զուրաբ Ջափարիձեի արձագանքին, վերջինս գտնում է, որ այս օրինագծի ետևում կանգնած է Վրաստանի պատրիարքարանը: Պատրիարքարանի՝ մարտի 19-ին տարածած հայտարարության համաձայն, կեղծ կրոնական իրավաբանական անձինք չպետք է օգտագործեն պարտադիր զինծառայությունից ազատվելն իրենց շահերի համար: Պատրիարքարանը գտնում է նաև, որ պետությունը պետք է ապահովի ոչ ռազմական ծառայություն՝ որպես այլընտրանք:

Սեսիաշվիլիի օրինագիծն անընդունելի է դարձել ոչ միայն «Գիրչի» կուսակցության, այլ նաև հասարակական սեկտորի կողմից: 16 հասարակական կազմակերպություն համապատասխան հայտարարություն են տարածել:

«Ալիք մեդիայի» հետ զրույցում իրավաբան, հանրային կառավարման դոկտոր Թամթա Մեգրելիշվիլին ասում է, որ նշված օրինագիծը սահմանադրական տեսանկյունից խախտում է համարվում, չնայած նախաձեռնող կողմը պնդում է, որ ուղղափառ եկեղեցու հանդեպ այս որոշումը ելնում է նրա պատմական դերից:

«Գտնում եմ, որ մարդու իրավունքների գաղափարին հակասում է հարցի որոշումը օրենսդրական կամ պրակտիկ մակարդակում, քանի որ խմբի համար իրավունքների սահմանափակումը սխալ է: Պատրաստ եմ լսել ավելի շատ հակափաստարկներ, որով կարդարացվի նման քայլը ոչ միայն բարոյական, այլև իրավական տեսանկյունից»,- ասում է Թամթա Մեգրելիշվիլին:

Հիշեցնենք՝ որոշ երկրներում, որտեղ զինծառայությունը պարտադիր է (օրինակ Դանիայի թագավորությունը, Ֆինլանդիան, Էստոնիան, Լիտվան) կրոնական դրդապատճառներով  զինծառայությունից հրաժարված անձինք պարտավոր են այլընտրանքային ծառայություն անցնել: