Աղմուկի նորմերի խախտման համար տուգանքի չափը կավելանա

Թբիլիսիի քաղաքապետարանը համապատասխան օրինագիծ է մշակել աղմուկի նորմերի խախտման համար տուգանքի չափն ավելացնելու նպատակով, որն առաջիկայում կներկայացվի Վրաստանի խորհրդարան։ Այդ մասին հայտնել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն։

«Սրճարաններում, բարերում, ռեստորաններում, ակումբներում և այլ օբյեկտներում աղմուկի թույլատրելի մակարդակը ցերեկային և գիշերային ժամերին հավասարապես սահմանափակ է և չպետք է գերազանցի 50 դեցիբելը, սակայն երբեմն խախտում են այս օրենքը», — ասել է Կալաձեն։

Ըստ օրենքի նախագծի՝ առաջին դեպքում ակուստիկ աղմուկի թույլատրելի նորմերի գերազանցման համար ֆիզիկական անձը կտուգանվի 150 լարիի չափով, իսկ իրավաբանական անձը՝ 1500 լարիի։ Նույն գործողությունը կրկնելու դեպքում ֆիզիկական անձը կտուգանվի 500 լարիի, իսկ իրավաբանական անձը՝ 5000 լարիի չափով։ Երրորդ և դրան հաջորդած բոլոր խախտումների համար ֆիզիկական անձը կտուգանվի 1000 լարիի չափով, իսկ իրավաբանական անձը՝ 10 հազար լարիի»,- ասել է Կախա Կալաձեն։

Նրա խոսքով, օրինագծի առնչությամբ արդեն խորհրդակցություններ են անցկացվել Վրաստանի խորհրդարանականների հետ։

Գործող օրենսդրության համաձայն՝ ֆիզիկական/իրավաբանական անձը առաջին անգամ զգուշացվում է աղմուկի թույլատրելի նորմերը գերազանցելու դեպքում։ Նույն արարքը երկրորդ անգամ կատարելուց հետո՝ 1 տարվա ընթացքում, ֆիզիկական անձը տուգանվում է 150 լարիի չափով, իսկ իրավաբանական անձը՝ 500 լարիի։ Մեկ տարվա ընթացքում երրորդ անգամ իրավախախտում կատարելու և յուրաքանչյուր հաջորդ նման արարքի համար ֆիզիկական անձը տուգանվում է 300 լարիի չափով, իսկ իրավաբանական անձը՝ 1000 լարիի։