Ակտիվիստին նյութական վնաս են հասցրել. օմբուդսմենը դատապարտում է

Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան հայտարարություն է տարածել ակտիվիստ Նատա Փերաձեի մեքենան ներկելու, միաժամանակ նաև վիրավորական գրառումներ անելու կապակցությամբ՝ դատապարտելով կատարվածը։

«Հանրային պաշտպանը դատապարտում է վերոնշյալ հարձակման փաստը քաղաքացիական ակտիվիստի նկատմամբ, դրա նպատակը տեսնելով երկրում իրավունքների պաշտպանության գործունեություն իրականացնողների համար սպառնալի մթնոլորտի ստեղծումը։

Մարդու իրավունքներին առնչվող հարցերի հանրային քննարկումը պատկանում է իրավունքների պաշտպանության գործունեությանը, որը նշանակալի ներդրում ունի երկրի ժողովրդավարական զարգացման գործում։ Հաշվի առնելով իրավապաշտպանների անգնահատելի դերը՝ միջազգային մակարդակով նրանց պաշտպանելու առումով, ստեղծվել են մի շարք երաշխիքներ, որոնց շրջանակներում պետությունը պարտավոր է պաշտպանել ակտիվիստներին հարձակումներից, իսկ նման փաստերի հայտնաբերման դեպքում՝ արդյունավետ իրավական պատասխան տալ՝ անպատժելիության մթնոլորտը կանխելու համար»,- նշել է հանրային պաշտպանը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Լոմջարիան կոչ է անում քննչական մարմիններին ժամանակին և բազմակողմանի քննություն իրականացնել Փերաձեի ավտոմեքենայի վնասման փաստի առթիվ՝ պատասխանատու անձանց պարզելու և նրանց համապատասխան պատասխանատվության ենթարկելու համար։

Հիշեցնենք. շաբաթ օրը՝ հոկտեմբերի 22-ի ուշ գիշերին ակտիվիստ Փերաձեի մեքենայի վրա վիրավորական գրություններ են արել: Փերաձեն միջադեպը կապում է իր վերջին բողոքի ակցիայի հետ. Փերաձեն ակտիվորեն բողոքում է վերջին օրերին Վակեի այգում տեղի ունեցած դեպքի դեմ, որի հետևանքով 13-ամյա երեխա է մահացել, ևս երկուսը վիրավորվել են։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ փաստի առթիվ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի հատկանիշներով` ուրիշի գույքը վնասելը կամ ոչնչացնելը։