ԱՄՆ դեսպանատունը` «Ատելության խոսքի դեմ պայքարի վարչության» մասին

Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը մտահոգված է Վրաստանի կառավարության նախաձեռնությամբ «Ատելության խոսքի դեմ պայքարի վարչության» ստեղծման  կապակցությամբ։ «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ՝ դեսպանատունն այս մեկնաբանությունն արել է իրենց հարցմանն ի պատասխան։

Դեսպանատունն ընդգծել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը և ԱՄՆ-ն խոսքի ազատությունը համարում են գործող հասարակության հիմնաքարը և «կտրականապես դեմ են գրաքննությանը»։

«Ազատություն» ռադիոկայանը գրել է, որ ԱՄՆ դեսպանատանը հարցումով դիմել էին հուլիսի 22-ին՝ այն բանից հետո, երբ իրավապահները սոցիալական ցանցում «Վրացական երազանք»-ի քաղաքական գործիչների՝ խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի և պատգամավոր Լադո Բոժաձեի հասցեին վիրավորանք պարունակող ֆեյսբուքյան գրառման համար 15-օրյա կալանքի են ենթարկել։

«Թրամփի վարչակազմը հստակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խոսքի ազատությունը համարում է գործող հասարակության հիմնաքարը, և մենք կտրականապես դեմ ենք գնաքննությանն ու սահմանափակող օրենքներին, որոնք օգտագործվում են անցանկալի տեսակետներ ունեցող մարդկանց ձայնը լռեցնելու համար»,- հուլիսի 28-ին «Ազատություն» ռադիոկայանին հղված գրավոր պատասխանում հայտնել է ԱՄՆ դեսպանատան մամուլի քարտուղարը։

«Մենք նաև մեր վրացի գործընկերներին ենք ասել, որ կայունությունը պահանջում է քաղաքական ընդդիմություն, որը պետական ինստիտուտների հետ համագործակցում է քաղաքացիների անունից՝ այն քաղաքացիների, որոնք իրենց ձայն են տվել։ Քաղաքական կայունությունը, որն ապահովված է տեսակետների համապարփակ ներկայացվածությամբ, այն գործոնների մասն է, ինչը Վրաստանին դարձնում է հուսալի գործընկեր ամերիկյան ներդրումների, անվտանգության ոլորտում համագործակցության և երկարաժամկետ ռազմավարական գործընկերության համար»,- դեսպանատան խոսքն է մեջբերել  «Ազատություն» ռադիոկայանը։

«Մենք մտահոգված ենք Վրաստանի կառավարության՝ ատելության խոսքի դեմ պայքարի վարչության ստեղծման կապակցությամբ»,- հայտնել են դեսպանատնից։