Նանուկա Ժորժոլիանիի գործն ուղարկվել է Ստրասբուրգի դատարան

Հունիսի 26-ին «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստանը» Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) հերթական բողոքն է ուղարկել։

Կազմակերպությունը Ստրասբուրգի դատարանում պաշտպանելու է լրագրող և քաղաքական գործիչ Նանուկա Ժորժոլիանիի խախտված իրավունքները։

«Դատարանը Նանուկա Ժորժոլիանիին ճանաչել է վարչական իրավախախտ և նրա նկատմամբ որպես պատիժ սահմանել 3-օրյա վարչական կալանք։ Նշված որոշման հիմքը խորհրդարանի շենքի առջև՝ մայթին, ընթացող խաղաղ բողոքի ակցիային մասնակցությունն է։

Կարծում ենք, որ դատարանի որոշումներն ակնհայտ հակասության մեջ են Վրաստանի Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված հավաքների և արտահայտվելու ազատությունների, անձնական կյանքի անձեռնմխելիության և արդար դատաքննության իրավունքների հետ։ Դրանք հակասում են նաև հենց Ներքին գործերի նախարարության տեսախցիկներով նկարահանված տեսանյութերում արձանագրված փաստերին, քանի որ այդ ձայնագրություններում ակնհայտ երևում է, որ խորհրդարանի առջև՝ մայթին հավաքված ցուցարարները, այդ թվում՝ Նանուկա Ժորժոլիանին, որևէ մեկի տեղաշարժին չեն խոչընդոտել»,- գրել է կազմակերպությունը։

Նանուկա Ժորժոլիանիի բողոքն արդեն 12-րդն է, որը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստանը» Ստրասբուրգի դատարան է ուղարկել միայն վերջին մեկ տարվա ընթացքում։

«Մենք կշարունակենք պաշտպանել քաղաքացիների խախտված իրավունքները արդարադատության միջազգային մարմնում, քանի որ Իվանիշվիլիի ռեժիմի պայմաններում ազգային դատարաններում արդարություն փնտրելն անհնար է դարձել»,- գրել է կազմակերպությունը։