ԱՄՆ-ն անհանգստացած է Վրաստանում ԼԳԲՏ համայնքի հանդեպ սպառնալիքներից

ԱՄՆ-ն Վրաստանի իշխանություններին կոչ է անում պաշտպանել բոլոր քաղաքացիներին՝ անկախ նրանց սեռական կողմնորոշումից ու գենդերային ինքնությունից:

«Ամերիկայի Ձայնի» հարցին ի պատասխան՝ անդրադառնալով «Թբիլիսի փրայդի» շուրջ Վրաստանում զարգացող դեպքերին, պետդեպարտամենտի ներկայացուցիչն ասել է, որ խորապես անհանգստացած է ԼԳԲՏ համայնքի նկատմամբ հնչող սպառնալիքների համար։ Վերջինս նաև կտրականապես դատապարտել է քաղաքացիների հետապնդումը ցանկացած՝ մասնավորապես սեռական և գենդերային պատկանելության պատճառով:

Բացի այդ, ԱՄՆ-ի պետդեպարտամենտը ողջունում է Վրաստանի իշխանությունների հայտարարությունը, ըստ որի կառավարությունը պաշտպանելու է յուրաքանչյուր մարդու հավաքվելու և արտահայտվելու ազատությունը:

Վրաստանի պատրիարքարանը ԼԳԲՏ համայնքի քայլերթի հետ կապված հայտարարություն է տարածել, որում Վրաստանի իշխանություններին կոչ է արել չթույլատրել միջոցառման անցկացումը։

Հիշեցնենք՝ հունիսի 18-23-ը Թբիլիսիում նախատեսվում է անցկացնել ԼԳԲՏ համայնքի քայլերթը, սակայն հասարակության և առանձին խմբերի բողոքի արդյունքում դեռևս հայտնի չէ արդյոք այն տեղի կունենա, թե՝ ոչ: