Անշարժ գույք չունեցող կանայք խոցելի են Վրաստանում. Թեոնա Գաչեչիլաձե

Ներկայացնում ենք «Ֆրեյա միության» կանանց քարոզարշավի շրջանակներում՝ People in Need միջազգային կազմակերպության և ԵՄ-Չեխիայի զարգացման գործակալության «Քաղաքացիական հասարակության դերակատարները որպես փոփոխության նախաձեռնողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում» ծրագրի աջակցությամբ պատրաստված հոդվածների շարք։ «Ալիք մեդիան» ծրագրի մեդիա-գործընկերն է:

Թեոնա Գոգլիչաձեն մասնագիտությամբ իրավաբան է։ Նա այժմ մասնագիտությամբ աշխատում է «Սափարի» միության Քութայիսիի գրասենյակում։

Որքանո՞վ են կանայք օգտվում ժառանգության իրավունքից

Մեր իրականության մեջ ժառանգության հարցում ավանդույթ կա, որ գույքն ամբողջությամբ պետք է թողնել որդուն, և բավական է, որ դուստրը միայն «օժիտ» ստանա, թեև այդ մոտեցումը հակասում է օրենքին։

Սեփականության իրավունքին վերաբերող հարցերը կարգավորվում են Վրաստանի քաղաքացիական օրենսգրքով, սեռով պայմանավորված գույք ձեռք բերելու հարցերը բացարձակապես առանձնացված չեն։ Թեև Վրաստանի քաղաքացիական օրենսդրության համաձայն՝ ծնողների ունեցվածքը հավասարապես պատկանում է ինչպես դստերը, այնպես էլ որդուն, կանանց մեծամասնությունը չի կարողանում օգտվել ժառանգության իրավունքից: Հասարակության համար անընդունելի են եղբոր հետ ժառանգության հետ կապված վեճերը, և այդ ավանդույթն այնքան ուժեղ է, որ կինը հիմնականում մնում է առանց ժառանգության, հետևաբար՝ առանց սեփականության։

Ինչպե՞ս է Վրաստանի օրենսդրությունը կարգավորում ժառանգության կամ ընտանեկան վեճերի դեպքում սեփականության վերաբաշխման հարցը

Օրենսդրությունը նախատեսում է ժառանգությամբ սեփականություն ստանալու իրավունք ինչպես օրենքով, այնպես էլ կտակով։ Օրինական ժառանգներին օրենսդիրը սահմանում է հաջորդականությամբ, որով առաջին կարգի ժառանգներ են համարվում մահացածի զավակը, կին/ամուսինը կամ ծնողը: Ընտանեկան վեճերի դեպքում դատարանը օգտվում է նշված օրենսդրական նորմերից։

Վրաստանում այսօր կանանց կողմից սեփականության գրանցման առումով բավականին անբարենպաստ դաշտ է։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչով է պայմանավորված առկա գենդերային անհավասարակշռությունը

Առկա գենդերային անհավասարակշռությունը հիմնականում պայմանավորված է հաստատված ավանդույթով՝ երբ գույքի ժառանգորդ է համարվում միայն տղան, և գրանցումը կատարվում է միայն տղամարդու վրա։ Այս արատավոր պրակտիկան վերաբերում է նաև ամուսինների կողմից ձեռք բերված գույքին. հաճախ այն, ինչ պետք է գրանցվի որպես համասեփականություն, գրանցվում է միայն տղամարդու վրա: Բայց այս հարցը, ինչպես նաև ժառանգականությունը, չնայած որոշ թերություններին, կարգավորվում են օրենքով։ Ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը համարվում է համասեփականատիրական և պետք է բաժանվի ամուսինների միջև ամուսնալուծության դեպքում: Իրականում, ցավոք, այս արդյունքի հասնելը մեծ ջանք ու ֆինանսներ է պահանջում։

Ձեր պրակտիկայում ինչպիսի՞ խոչընդոտների են առավել հաճախ հանդիպում կանայք, ովքեր անշարժ գույք չունեն: Ինչի՞ վրա կկենտրոնանայիք

Կանայք, ովքեր անշարժ գույք չունեն, ավելի խոցելի են տնտեսական, հոգեբանական և ֆիզիկական բռնության նկատմամբ: Բայց ավանդույթի տենչը դեռ ուժեղ է. նույնիսկ եթե նրանք գնալու տեղ չունեն, այնուամենայնիվ դժվար է որոշում կայացնել եղբոր ունեցվածքից բաժնեմաս պահանջելու մասին:

Նյութի բովանդակությունը բացառապես «Ֆրեյա միության» պատասխանատվությունն է, և այն կարող է չարտացոլել դոնորի տեսակետները: