Արդյունավետ և նպատակաուղղված քննարկումներ էին. Զոհրաբ Մնացականյան

ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Վրաստան կատարած այցի ավարտից հետո թվիթերի իր էջում գրառում է կատարել․

«Ավարտեցի պաշտոնական այցս Վրաստան։ Անչափ շնորհակալ եմ Դավիթ Զալկալիանիին՝ բարեկամական ու շատ ջերմ հյուրընկալության համար։ Շատ արդյունավետ և նպատակաուղղված քննարկումներ ունեցանք։ Առկա է ընդհանուր ամուր հանձնառություն տարածաշրջանային խաղաղությանը և անվտանգությանը, երկկողմ դինամիկ օրակարգին՝ բոլոր ուղղություններով»,- գրում է ԱԳ նախարարը:

Հիշեցնենք՝ Հայաստանի ԱԳ նախարարը Վրաստան կատարած առաջին պաշտոնական այցի ընթացքում հանդիպել է վրացի իր գործընկեր Դավիթ Զալկալիանիին, երկրի վարչապետ Մամուկա Բախտաձեին, խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեին, այցելել Վրաստանի ազգային թանգարանի գանձարան, Հավլաբարի սուրբ Էջմիածին եկեղեցի, Հայարտուն մշակութային կենտրոնում հանդիպել նաև վիրահայ համայնքի ներկայացուցիչներին։