Արևելյան գործընկերությունը՝ ԵՄ-ին ինտեգրման գործընթացի արագացման մեխանիզմ

Արևելյան գործընկերության նախարարական հանդիպման հիմնական ուղերձը կլինի այն, որ Վրաստանը շահագրգռված է ապագայում նույնպես ակտիվորեն ներգրավվելու Արևելյան գործընկերության ձևաչափում, քանի որ մենք կարծում ենք, որ այս ձևաչափը մեզ հնարավորություն է տալիս ամրապնդելու և արագացնելու մեր եվրաինտեգրումը, Բրյուսելում ասել է Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլին:

ԱԳ նախարարը ևս մասնակցում է նախարարական հանդիպմանը: Նախարարը խոսել է նաև Եվրամիությանն ինտեգրվելու ուղղությամբ Վրաստանի կառավարության ձեռնարկած քայլերի մասին։

«Կապը միշտ եղել է, կա և կլինի հիմնական բաղադրիչներից մեկը: Բացի մեր երկրի քաղաքական ասոցացումից և ինտեգրումից եվրոպական ընտանիքին և Եվրամիությանը, կան բազմաթիվ նախագծեր, օրինակ՝ սևծովյան էլեկտրական մալուխը և բազմաթիվ տրանսպորտային նախագծեր, որոնց միջոցով մենք պետք է ֆիզիկապես մերձենանք եվրոպական ընտանիքին։ Համապատասխանաբար, Արևելյան գործընկերության ձևաչափը կլինի այնպիսին, որտեղ մենք կխոսենք ինտեգրման համար անհրաժեշտ և կենսական նախագծերի մասին»,- Վրաստանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ ասել է Դարչիաշվիլին։

Նրա խոսքով, գործընկերները կասկածի տակ չեն դնում երկրում իրականացվող բարեփոխումների արդյունքները, ինչը Վրաստանի իշխանություններին նոր ուժ և խթան է տալիս եվրաինտեգրման ուղղությամբ բարեփոխումների հետագա շարունակման համար. «Սա անխուսափելի գործընթաց է, քանի որ մեր երկրի եվրաինտեգրումն ուղղակիորեն կապված է բարեփոխումների իրականացման հետ»:

Արտաքին գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ Եվրահանձնաժողովի հանձնարարականների իրականացումը, ինչպես նաև վրացական իշխանությունների ձեռնարկած արդյունքներին ուղղված քայլերը Վրաստանին կհասցնեն թեկնածուի կարգավիճակի։

«Թեկնածուի կարգավիճակը կենսական նշանակություն ունի Վրաստանի համար նոր փուլ անցնելու և անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու համար»,- ասել է նախարարը:

Ի դեպ, նոյեմբերի 8-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարեց, որ Եվրահանձնաժողովը հանձնարարական կներկայացնի Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։ Սակայն Եվրահանձնաժողովն այս որոշումն ընդունում է վերապահումով, որ երկիրը քայլեր ձեռնարկի ինը խնդրի ուղղությամբ։

Եվրահանձնաժողովը Վրաստանի համար սահմանել է ինը նախապայման: Վրաստանի համար սահմանված ինը նախապայմաններից մի քանիսը 2022 թվականի հունիսին Եվրահանձնաժողովի հրապարակած 12 հանձնարարականների շարունակությունն են, մինչդեռ որոշ հանձնարարականներ լիովին նոր են։ 9 նախապայմանների մասին կարդացեք այստեղ:

Նոր վերապահում է ԵՄ-ի և նրա արժեքների վերաբերյալ ապատեղեկատվության և օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի դեմ պայքարը։ Եվրահանձնաժողովը նաև ուշադրություն է հրավիրում Վրաստանի կողմից Եվրամիությանն իր արտաքին և անվտանգության քաղաքականությունը մոտեցնելու անհրաժեշտության վրա։ Ներկայում Վրաստանի՝ Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականությանը համապատասխանելու ցուցանիշը կազմում է մոտ 43 տոկոս, իսկ մի քանի տարի առաջ գերազանցում էր 60 տոկոսը։

Եվրահանձնաժողովի հանձնարարականից հետո Եվրոպական խորհուրդը՝ 27 անդամ երկրներ, վերջնական որոշումը կկայացնի դեկտեմբերի 14-15-ին։ ԵՄ անդամ բոլոր 27 երկրները պետք է աջակցեն այս հանձնարարականին։

ԵՄ թեկնածուի կարգավիճակի սպասումով. Թբիլիսիում ակնկալիքներ ունեն