Ախալքալաքի և Նինոծմինդայի քաղաքապետի թեկնածուները ՊԱԾ գործակալնե՞ր. Գվարամիան ներկայացրել է նոր հատվածներ գաղտնալսումներից

Վրաստանում ընտրությունների նախաշեմին ընդդիմադիր հեռուստաընկերության ներկայացրած նոր գաղտնալսումները հերթական սկանդալի առիթն են դարձել։

Սեպտեմբերի 12-ին ընդդիմադիր Մթավարի հեռուստաալիքի հիմնադիր Նիկա Գվարամիան՝ «Մթավարի ակցենտեբի» (թարգմանաբար՝ Գլխավոր շեշտադրումներ) հաղորդման ընթացքում կրկին անդրադարձել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության գաղտնալսումների հերթական փաստաթղթերի շարքի բացահայտմանը: Անձնական կյանքին վերաբերող գաղտնալսումների հետ մեկտեղ, Գվարամիան առանձնացրել է նաև իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքապետի թեկնածուների հետ կապված տվյալներ: Գվարամիայի խոսքով, ցուցակում ընդգրկված անձինք բացի իրենց կենսագրությունների հայտնի հատվածներից, պարզվում է` նաև ՊԱԾ-ի գործակալներ են, նշվում է նաև նրանց «վերբովկայի» (հավաքագրման) տարեթվերը:

Ցուցակում տեղ են գտել նաև Նինոծմինդայի և Ախալքալաքի քաղաքապետի թեկնածուներ  Անիվարդ Մոսոյանն ու Մելքոն Մակարյանը:

«Ախալքալաք, Մելքոն Մակարյան. երկու գումարման սակրեբուլոյի անդամ է: Վրաստանում համալսարանը չի ավարտել, այդ պատճառով ընդունվել է Գյումրու մանկավարժական համալսարան, որը Վրաստանում հավատարմագրված համալսարան չէ: 2013 թվականին  Վրացական երազանքի երիտասարդական թևի առաջնորդն է դարձել տեղական մակարդակով, 2014 թվականին տեղական ընտրություններին մասնակցում էր Կախա Կուկավայի բլոկի անունից, «Ազատ Վրաստան» խմբակցության նախագահն էր, 2017-ին արդեն «երազանքից» էր ու նույն խմբակցություն է մտել, 2020 թվականին Ախալքալաքում ընտրական շտաբի պետ էր: Հավաքագրվել է 2010 թվականին, հանձնարարությունը՝ տեղական քաղաքական ուժերի մասին տեղեկություն կուտակել ու կենտրոն փոխանցել, մականունը՝ Կամու»։

Ինչ վերաբերում է Նինոծմինդայի քաղաքապետի թեկնածուին՝ Անիվարդ Մոսոյանին, Գվարամիան կարդում է փաստաթղթում նշված հետևյալը.

«2008-2009 թվականներին դպրոցի տնօրեն է եղել Նինոծմինդայում, 2007-2011-ին ղեկավարել է Նինոծմինդայի ռեսուրս կենտրոնը, 2014-2017 թվականներին Նինոծմինդայի սակրեբուլոյի անդամ է եղել, Հենզել Մկոյանը կադրն էր, 2017-2021 թվականներին, Նինոծմինդայի քաղաքապետ է եղել, հայտնվել է աուդիտի հաշվետվությունում` Հենզել Մկոյանի բենզինի կազմակերպությունից վառելիքը շուկայի գնից մի քանի անգամ ավելի թանկարժեք ձեռք բերելու համար, բյուջեին 200 000 լարիից ավելիի վնաս է հասցրել: Հավաքագրվել է հակահետախուզության դեպարտամենտի կողմից` 2007 թվականին: Գործակալական մականունը՝ Ագավա»,- ասում է Գվարամիան:

Հրապարակված նյութերին  անդրադարձել է Վրաստանի վարչապետն ու նշել, որ սա «կեղտոտ սադրանք է ու ընդդիմադիր Միացյալ ազգային շարժում կուսակցության կողմից հարձակում պետական  գլխավոր ինստիտուտների վրա»։

Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին էլ Գվարամիան հայտարարել էր, թե Վրաստանի հատուկ ծառայությունները գաղտնալսում են քաղաքական դաշտի, քաղաքացիական հասարակության և եկեղեցու հարյուրավոր ազդեցիկ ներկայացուցիչների, ինչպես նաև լրագրողների անձնական խոսակցություններն ու հեռախոսազրույցները՝ ստացված տվյալները փոխանցելով երկրի ստվերային ղեկավարին՝ նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին: Գվարամիան շուրջ 40 րոպե ուղիղ եթերում ընթերցել էր գաղտնալսումների սղագրություններ, որոնք վերաբերել են պատգամավորների սեռական կապերին, նրանց անձնական կյանքին, լրագրողների հետ կապերին, հեռախոսազրույցներին: