Այսօր Մամուլի ազատության միջազգային օրն է

Այսօր Մամուլի ազատության միջազգային օրն է: 1993 թվականի դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հատուկ բանաձևով մայիսի 3-ը հռչակել է Մամուլի ազատության միջազգային օր: 
Այդ որոշումը կայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի ընթացքում, որը 1991-ի «Աշխարհում մամուլի ազատության խթանման մասին» որոշմամբ ճանաչեց, որ ազատ, բազմակարծիք և անկախ մամուլը դեմոկրատական հասարակության անհրաժեշտ բաղադրիչներից է:
Մամուլի ազատության համաշխարհային օրը կոչված է հիշեցնելու միջազգային հանրությանն այն մասին, որ մամուլի և կարծիք արտահայտելու ազատությունը հիմնարար ազատություններ են, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում:
Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցության հայտարարություն է արել նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

«Այսօր, երբ կեղծ լուրերի և ապատեղեկատվության տարածումը դարձել է ժողովրդավարությունների հիմնական մարտահրավերներից մեկը, լրատվամիջոցների պատասխանատվությունն ու պրոֆեսիոնալիզմն էլ ավելի կարևոր են:

ԶԼՄ-ների ազատությունը և լրատվամիջոցների բազմակարծությունը երաշխավորված են մեր Սահմանադրությամբ», — հայտարարել է Ղարիբաշվիլին:

Նա նաև նշել է, որ Վրաստանն այսօր տարածաշրջանում մամուլի ազատության ինդեքսով առաջատար դիրքեր է զբաղեցնում:

2021 թվականի Մամուլի ազատության ինդեքսի համաձայն` Վրաստանը զբաղեցնում է 60-րդ հորիզոնականը: