Այսօրվանից Թբիլիսիում կգործեն նոր միկրոավտոբուսներ. Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, հունվարի 20-ից մայրաքաղաք Թբիլիսին կսպասարկեն նոր, թարմացված ու կանոնակարգված, եվրոպական տիպի միկրոավտոբուսները, որոնք շատ ավելի հարմարավետ են երթևեկելու համար։ Այս մասին Կալաձեն հայտարարել է միկրոավտոբուսները ներկայացնելիս։

Ըստ Կալաձեի՝ փետրվարի 1-ից դեղին միկրոավտոբուսներն ամբողջությամբ կփոխարինվեն նորերով։

«Վստահ կարող եմ ասել, որ երթուղայինների փոխարինման մասին մեկուկես տարի առաջ տրված խոստումը կատարված է։ Քաղաքապետարանը մասնավոր ընկերության հետ կարողացել է փոխարինել միկրոավտոբուսները, ինչը շատ կարևոր և հաճելի է։ Սա մեր տրանսպորտային բարեփոխումների, մեր տրանսպորտային քաղաքականության անբաժանելի մասն է»,- ասել է Կալաձեն։

Ըստ Կալաձեի՝ տրանսպորտային բարեփոխումների շրջանակներում ձեռք է բերվել 1000 միավոր միկրոավտոբուս, որոնք այսօրվանից կմիանան ցանցին, իսկ փետրվարի 1-ից մայրաքաղաքում դեղին երթուղայիններից ոչ մեկը չի գործի։ Կլինի միայն նորացված, կանոնակարգված հասարակական տրանսպորտ, որը կսպասարկի Թբիլիսիի բնակչությանը։

«Միկրոավտոբուսով երթևեկելիս մարդիկ տարիներ շարունակ վճարում էին 80 թեթրի, մետրոյի ու ավտոբուսի դեպքում՝ 50 թեթրի, սակայն փետրվարի մեկից արդեն հնարավոր է երթևեկել ինտեգրված սակագներով։ Սա նշանակում է, որ եթե մարդը գնում է մետրոյի տոմս կամ ունի աբոնեմենտ, կարող է ազատ ճանապարհորդել ավտոբուսով և միկրոավտոբուսով, առանց հավելյալ վճարների, ինչը շատ կարևոր է»,- ասել է Կալաձեն՝ ընդգծելով, որ կարևոր է նաև փետրվարի 1-ից գործող աբոնեմենտային համակարգը:

Թբիլիսիի քաղաքապետարանից ստացաց տեղեկության համաձայն՝ այսօրվանից մինչև փետրվարի 1-ը մայրաքաղաքում փուլ առ փուլ կգործարկվի 76 միկրոավտոբուսային երթուղի, որոնցից 53-ը կփոխարինեն հին, դեղին միկրոավտոբուսային գործող երթուղիներին, իսկ մայրաքաղաքի տրանսպորտային համակարգին կավելացվի 23 նոր երթուղի։

Ինչ վերաբերում է դեղին միկրոավտոբուսների վարորդների աշխատանքի տեղավորմանը, ապա, ինչպես նշել են Թբիլիսիի քաղաքապետարանում, դա ընկերության իրավասությունն է, սակայն, ըստ նրանց տեղեկությունների, գործող վարորդները կվերաբաշխվեն նոր երթուղիների վրա։