Չինաստանի ակտիվությունը տարածաշրջանում․ պարտքի թակարդը Վրաստանում

Տարածաշրջանում Չինաստանի հետաքրքրությունները կառուցված են արտահանման տեսանկյունից առաջնային դարձած Belt and Road Initiative (BRI)-ի շուրջ: BRI-ը («Մեկ գոտի, մեկ ճանապարհ») գերտերություն դառնալու ճանապարհին գտնվող Չինաստանի՝ դարի աշխարհաքաղաքական ենթակառուցվածքային նախագիծն է: Դրանում ներգրավված են մի քանի տասնյակ պետություններ՝ տարբեր մայրցամաքներից:

Տրանսպորտային միջանցքների համաշխարհային ցանցի ստեղծման չինական նախագիծը գրեթե 15 անգամ գերազանցում է Եվրոպայի վերականգնման ծրագիրը (European Recovery Program), որի արժեքը այսօրվա շուկայական գներով ավելի քան 150 մլրդ ԱՄՆ դոլար է:

Հարկ է նշել, որ միջազգային փորձագիտական շրջանակները BRI-ը, որ կոչվում է նաև «Մետաքսի նոր ճանապարհ», համարում են ոչ թե տնտեսական համագործակցության ուղի, այլ աշխարհաքաղաքական զենք, ինչի միջոցով Պեկինն իր կողմն է քաշում այն երկրներին, որոնք նախագծի շրջանակներում քիչ թե շատ կարող են տնտեսական շահ ունենալ:

Տարածաշրջանի մասշտաբով, ըստ BRI-ի, Չինաստանն արդեն իր համար սահմանել է, թե ինչպիսին պետք է լինեն տարածաշրջանային ուղիները, միջանցքների քարտեզը, դրանց շուրջ ձևավորվելիք աշխարհաքաղաքականությունը, ինչպես նաև երկրների հետ հարաբերությունների հարթությունը:

Real Politic-ի փորձագետ, վերլուծաբան Ակա Զարքուան «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է, որ Հարավային Կովկասում և մասնավորապես Վրաստանում Չինաստանի հետաքրքրությունները մասշտաբային ենթակառուցվածքային նախագծերում (մայրուղիների, նավահանգիստների կառուցում և այլն) մեծ դերակատարություն ունենալն է: Չինաստանին սա հարկավոր է արտահանման ավելի մեծ՝ եվրոպական շուկաներ գրավելու համար:

Ինչ վերաբերվում Է Վրաստան-Չինաստան հարաբերությունների վրա ԱՄՆ-Չինաստան աճող լարվածության ազդեցությանը, ապա Ակա Զարքուան ասում է.

«Չինաստանի հարաբերությունները Հարավային Կովկասի երեք երկրներից յուրաքանչյուրի հետ առանձնանում են։ Օրինակ աշխարհում ամենաարագ աճող տնտեսություններից մեկն ունեցող Չինաստանի արտահանման ծավալներն Ադրբեջանում ու Վրաստանում բավականին մեծ են. Չինաստանը, 2021 թվականի տվյալներով, Վրաստանի թվով երրորդ առևտրային գործընկերն է: Եվ առևտրաշրջանառության մեծ մասը արտահանման վրա է հիմնված»:

2021 թվականին երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 1 մլրդ 480 մլն դոլար, որից մոտ 865 մլն դոլարը միայն Չինաստանից Վրաստան ներկրումն է, իսկ 615 մլնը՝ Վրաստանից Չինաստան արտահանումը: Հարկ է նշել, որ Թբիլիսիի և Պեկինի միջև ազատ առևտրի համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2018-ի հունվարի 1-ից։ Վրացի արտադրողները կարող են առանց մաքսատուրքերի չինական շուկա ներմուծել վրացական գինի, հանքային ջուր, ոչ ալկոհոլային խմիչքներ, միրգ ու բանջարեղեն, մեղր, ընկույզ, թեյ, դեղամիջոցներ և այլն։

Ի տարբերություն Ադրբեջանի, Վրաստանում ԱՄՆ-ի և Եվրոպայի դերը ավելի մեծ է, ըստ այդմ եվրաինտեգրացիայի մակարդակը՝ ավելի բարձր, նկատում է Ակա Զարքուան: Նրա խոսքով, սա ևս կարևոր դեր է խաղում Չինաստանի կողմից արևմտյան ուղղությունը բռնած Վրաստանում ներդրումներ կատարելու հարցում: Այսպիսի օրինակ է Անակլիայի նավահանգիստը, երբ Չինաստանը ևս հետաքրքրված էր խորջրյա նավահանգստի շինարարությունում ներդրումների իրականացմամբ, սակայն ԱՄՆ-ի այն ժամանակվա պետքարտուղար Մայք Պոմպեոն Վրաստանին կոչ արեց զերծ մնալ ռուսական ու չինական ներդրումներից (նավահանգիստը, ի դեպ մինչ այժմ չի կառուցվել):

Չնայած չինական ներդրումներից խուսափելու վերաբերյալ ԱՄՆ-ի զգուշացումներին, միևնույնն է չինական ներդրումները Վրաստանում մեծ են: Տարիներ շարունակ չինական ընկերությունները Եվրասիական բանկից վերցրած վարկի միջոցներով կառուցում են Արևելք-Արևմուտք մայրուղին: Նշված մայրուղու շինարարական աշխատանքների արժեքը՝ ներառյալ ճանապարհին կառուցվող բոլոր ենթակառուցվածքները՝ թունելներ և այլն, կազմում է մոտ 900 մլն դոլար:

«Պարտքի ռազմավարություն». այսպես են չինական ներդրումները գնահատում Վրաստանում: Ստացվում է, որ Չինաստանը «ներդրում» է անում, թեև ծրագրերի ֆինանսավորման մեծ մասը Եվրասիական բանկից վերցրած վարկով է, որը «պարտքի թակարդ» է դարձել․ Վրաստանը պարտավոր է մի օր վերադարձնել այն: «Եվ հետո Չինաստանը սա օգտագործում է քաղաքականապես իրեն ենթարկելու նպատակով», — ասում է Զարքուան:

Հատկանշական է, որ Վրաստանում կան նաև ազատ տնտեսական գոտիներ, որոնք ևս արդեն չինական բիզնեսների վերահսկման տակ են։

Զարքուան ասում է, որ եթե Չինաստան-ԱՄՆ հարաբերություններն էլ ավելի լարվեն, ապա Վրաստանում ևս որոշակի վերանայումներ կլինեն: Սա նշանակում է, որ չինական ներդրումներին Վրաստանում էլ ավելի զգուշավորությամբ պետք է նայեն:

«Որքան հետևել եմ, Հայաստանում ևս չինական աճող ակտիվություն կա: Մյուս կողմից էլ, չինական ընկերություններն ակտիվ մասնակցություն ունեն վերջին պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների վերականգնման աշխատանքներում», — ասում է Զարքուան:

Վերլուծաբանի կարծիքով, եթե Վրաստանի դեպքում Չինաստանին զսպող գործոն կարող է հանդիսանալ ԱՄՆ-ն, ապա Հայաստանի դեպքում հնարավոր է, որ Չինաստանն ու Ռուսաստանը պարզապես ընդհանուր շահերով առաջնորդվեն՝ միևնույն ժամանակ Ռուսաստանը Չինաստանին չի զիջի իր մենաշնորհային շուկաները. այդպիսին է օրինակ Հայաստանի էներգետիկ ոլորտը:

Չինաստանի մեծ ներդրումները, ինչպես արդեն նշեցինք, մեծ ռիսկեր են պարունակում: Եվս մեկ հնարավոր վտանգ է դիտարկվում Վրաստանի խոշոր քաղաքներում չինական թաղամասերի կառուցումը: Այդպիսի թաղամաս կա Թբիլիսիում, իսկ այժմ կառուցվում է նաև Բաթումիում: 

Հարավային Կովկասում վերլուծում են՝ չինական մեգանախագծի միջոցով Պեկինը  ընդլայնում է տարածաշրջանում իր ներգրավվածությունը, ներկայությունն ու ազդեցությունը աստիճանաբար՝ ֆինանսատնտեսական կախումը հասցնելու քաղաքականի։