Դանիան աջակցում է Վրաստանի եվրատլանտյան ձգտումներին. ԱԳ նախարար

Վրաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Իլիա Դարչիաշվիլին Դանիայի Թագավորության ԱԳ նախարար Լարս Լոկե Ռասմուսենի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում վստահեցրել է, որ Դանիայի Թագավորությունը կլինի Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման ուժեղ աջակիցը:

Դարչիաշվիլին իր գործընկերոջը տեղեկացրել է Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականների կատարման հետ կապված Վրաստանի ձեռնարկած կոնկրետ քայլերի մասին։ Հանդիպմանը շոշափվել է Վրաստանի կողմից Ուկրաինային ցուցաբերված աջակցությունը թե՛ հումանիտար, թե՛ դիվանագիտական տեսանկյունից։

«Կցանկանայի ողջունել Վրաստանում Դանիայի Թագավորության դեսպանատուն բացելու որոշումը, որը նոր և ուժեղ ազդակ կհաղորդի մեր երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը»,- ասել է Դարչիաշվիլին։

Դանիայի ԱԳ նախարարը նշել է՝ Դանիան աջակցում է Վրաստանի եվրոպական ձգտումներին, որոնք հիմնված են մարդու իրավունքների, օրենքի գերակայության և անկախ ժողովրդավարական ինստիտուտների վրա։

«Ուզում եմ Ձեզ վստահեցնել, որ Դանիան կաջակցի Վրաստանին այդ ճանապարհին։ Օգտվելով առիթից ուզում եմ վստահեցնել, որ իմ երկրի պատասխանը թեկնածուի կարգավիճակին կլինի՝ այո»,- ասել է Ռասմուսենը։

Ի դեպ, Դանիայի ԱԳ նախարարը հանդիպել է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել Ռասմուսենին՝ Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրմանը մշտական ​​աջակցության համար։

Դանիայի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի հետ։

Այցի շրջանակներում Ռասմուսենն այցելել է նաև օկուպացիոն գիծ և տեղում ծանոթացել առկա իրավիճակին։