Դատարանը որպես զենք օգտագործելն անընդունելի է. IRI նախագահ

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) նախագահ Դենիել Թվայնինգը «Ամերիկայի ձայնի» եթերից անդրադարձել է ընդդիմադիր Գիգի Ուգուլավայի ազատազրկմանը և հայտարարել, որ ժողովրդավարական պետությունում ընդդիմության հանդեպ դատարանը որպես զենք կիրառելն անընդունելի է:

IRI-ի նախագահի գնահատմամբ` Վրաստանում ժողովրդավարությունը ճնշման տակ է:

«Ժողովրդավարության պայմաններում չի կարելի վարչական և դատական ինստիտուտները դարձնել պետական վերահսկողության զենք և օգտագործել ընդդիմության դեմ: Ժողովրդավարության էությունը կայանում է կուսակցությունների միջև առողջ քաղաքական մրցակցության և խաղի հավասար կանոնների մեջ, որն ընթանում է անկողմնակալ օրենքի գերակայությամբ: Այն կայանում է ազատ և իրավական ընտրություններով՝ ապահովելով առաջնորդների հաշվետվողականությունը ժողովրդի հանդեպ»,- հայտարարել է Թվայնինգը:

Վերջինս նաև հայտարարել է, որ ինչպես Վրաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում մտավախություններ կան Վրաստանի ժողովրդավարության հետընթացի պատճառով, որը վտանգի տակ է դնում վրաց ժողովրդի ձգտումը` դառնալ Արևմուտքի մասը: