Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունն անդրադարձել է դպրոցական համազգեստների ձեռքբերման խնդրին:
Ըստ նախարարության հաղորդագրության՝ դպրոցական համազգեստների գնման նպատակով «Կրթական ռեսուրսներ» ՍՊԸ-ն կհայտարարի շուկայի նոր ուսումնասիրություն:
«2026 թվականի ապրիլի 3-ին «Կրթական ռեսուրսներ» ՍՊԸ-ն հայտարարել էր ուսումնասիրություն՝ 2026-2027 ուսումնական տարվա համար հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտների համար 1 մլն 801 հազար հատ դպրոցական համազգեստի ձեռքբերման հնարավոր արժեքը սահմանելու նպատակով:
2026 թվականի մայիսի 14-ին շուկայի ուսումնասիրության գործընթացում ամենացածր գինը ներկայացրած ընկերությունը չկարողացավ բավարարել սահմանված պահանջները և հրաժարվեց մասնակցել գնման գործընթացին:
Ցանկանում ենք տեղեկացնել հանրությանը, որ առաջիկա օրերին «Կրթական ռեսուրսներ» ՍՊԸ-ն կհայտարարի շուկայի նոր ուսումնասիրություն՝ համազգեստների ձեռքբերման նպատակով»,- նշված է նախարարության հայտարարության մեջ:
Ըստ ընթացիկ տարվա փետրվարին ընդունված օրենքի՝ 2026-2027 ուսումնական տարվանից հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտների համար դպրոցական համազգեստ կրելը դառնում է պարտադիր:
Համազգեստների հասանելիությունը պետք է ապահովվի ուսումնական տարվա մեկնարկից առնվազն մեկ ամիս առաջ: Հենց այս հանգամանքից ելնելով՝ ապրիլի 29-ին հայտարարվել էր պարզեցված գնում` մատակարարման փուլային ժամկետներով.
• I փուլ. ապրանքի առնվազն 30%-ի մատակարարում մինչև հուլիսի 31-ը,
• II փուլ. մնացած քանակի մատակարարում մինչև օգոստոսի 20-ը ներառյալ:
Գնման մանրամասները
Համազգեստի կարման համար անհրաժեշտ միավորների ընդհանուր քանակը կազմում է 1 մլն 801 հազար հատ: Շուկայի նախնական ուսումնասիրությամբ գնման ընդհանուր արժեքը սահմանվել էր 44 մլն 900 հազար լարի։
Պլանավորված քանակն ըստ տեսակների.
• Պիջակ (աղջիկ) – 292 հազար հատ
• Պիջակ (տղա) – 308 հազար հատ
• Տաբատ (աղջիկ) – 438 հազար հատ
• Տաբատ (տղա) – 616 հազար հատ
• Կիսաշրջազգեստ (մինչև ծունկը) – 146 հազար հատ
• Կիսաշրջազգեստ (երկար) – 1000 հատ
Կրթության նախարարի տեղակալ Զվիադ Գաբիսոնիան ապրիլի 17-ին հայտարարել էր, որ դպրոցական համազգեստը կարժենա մոտավորապես 100 լարի: