Fairy tale 4 V-World. Փոխանակման ծրագիր՝ Վրաստանում

rhdr

Վիշեգրադ միջազգային հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ Թբիլիսիում ընթացքի մեջ է փոխանակման երիտասարդական ծրագիր՝ հիմնադրամի գործընկեր երկրները և Վրաստանը ներկայացնող ակտիվիստների մասնակցությամբ:

Վիշեգրադ միջազգային ֆոնդը հիմնադրվել է 2000 թ.-ին Վիշեգրադի խմբի երկրների կառավարությունների կողմից՝ Չեխիա, Հունգարիա, Լեհաստան և Սլովակիա:  Հիմնադրամի առաքելությունը Կենտրոնական Եվրոպայում տարածաշրջանային կայուն համագործակցությանը միտված գաղափարների առաջ մղումն է:

Ներկայումս իրականացվող ծրագիրն ուղղված է մարդու իրավունքների հիմնական սկզբունքներին ու իրավահավասարությանը:  Լեհաստանի (The European Outsourcing Institute Foundation ՀԿ),  Հունգարիայի (The Institute for Cultural Relations Policy ՀԿ), Չեխիայի (Cesta rozvoje ՀԿ) և Սլովակիայի (ADEL ՀԿ) ներկայացուցիչ երիտասարդները, վրաց (Georgian Association for Cultural Relations ՀԿ) երիտասարդների հետ տարատեսակ ծրագրեր են իրականացնում: Այս դեպքում հունգարական  ICRP-ն՝ որպես նախաձեռնող-դիմող կազմակերպություն է, իսկ Վրաստանը հանդես է գալիս որպես գործընկեր երկիր: Մշակութային հարաբերությունների վրացական ասոցիացիան ուղղված է կրթությանը, գիտելիքների տարածմանը և տեղեկատվության փոխանակմանը `ժողովրդավարական արժեքների, խաղաղության և անվտանգության նախաձեռնությունների խթանման միջոցով: Կազմակերպության գործունեությունը ներառում է միջազգային համագործակցություն նմանատիպ պրոֆիլ ունեցող հասարակական կազմակերպությունների հետ և իրականացնում են նախագծեր և միջոցառումներ, որոնք ուղղված են ժողովրդավարության կայացմանը և խաղաղության կրթության ոլորտին:

Տասնյակ նախաձեռնությունների միջոցով փորձ է արվում հասարակության ուշադրությունը գրավել մարդու իրավունքների ու ժողովրդավարության հիմնական խնդիրների վրա: Ծրագրի առաջին մասի համար որպես առաջին կանգառ՝ ընտրվել է Վրաստանը: Սա այսպես ասած՝ երիտասարդական ճամբար է: Վեցօրյա քննարկումներում ներառվել է մարդու իրավունքների թեման՝ տարբեր ենթատեքստերում՝ օգտագործելով կրթության ոչ ֆորմալ մեթոդներ: Հերթական ծրագրի իրականացման համար ընտրվել է Վրաստանը, քանի որ այս երկրում, ըստ կազմակերպիչների, ներկայումս մարդու իրավունքների ու իրավահավասարության տեսանկյունից՝ թեման ակտուալ է:

Երիտասարդական կրթության մասնագետ Նիկա Բուզնիակն, ով միջազգային կրթական ծրագրերի քառամյա փորձ ունի, նշում է, որ  ծրագրի հիմնական ուղղվածությունն այն է,  որ երիտասարդությունն իր համար նորը բացահայտի. «Կրթական ստանդարտ ծրագրին  զուգահեռ, որը հաճախ կարող է ձանձրալի լինել, երբ ուսուցիչը խոսում է, սովորողը լսում, մենք փորձում ենք զարգացնել հմտություններ, որոնք իսկապես կարող են նրանց ապագայում պետք գալ: Դրանք են՝ լիդերությունը, թիմային աշխատանքը, կրեատիվությունը, ամենատարբեր իրավիճակներից ելք գտնելը և շատ այլ»: 

Նիկան նշում է, որ թվերին ու ձանձրալի վիճակագրությանն իրենք համադրում են «կենդանի» քննարկումը, իրենց համար կարևոր էր, որ  եվրոպացի երիտասարդներն իրենց փորձով ու գիտելիքներով կիսվեն: Նրանք ուզում են գրավել Վրաստանի հանրության ուշադրությունը, ու այլ երկրներից լինելը խոչընդոտ չէ:

Այդ քայլերից մեկը ֆլեշ մոբն էր, որի համար ընտրվել էր Թբիլիսիի ամենամարդաշատ վայրերից մեկը՝ Ազատության հրապարակը: Թեման՝ կնոջ իրավունքները: Տղամարդկանցից կազմված շրջանակի ներսում կանայք են, տղամարդիկ մի ուղղությամբ են պտտվում, կանայք՝ հակառակ: Քիչ անց՝ տղամարդիկ կանանց մի փոքր տեղ են զիջում, հետո կանայք էլ ավելի են ամրապնդում դիրքերը, արդյունքում՝ հասարակությունը միավորվում է՝ ի նշան աջակցության: Այս կերպ մասնակիցները ակնարկում են՝ կանայք ժամանակի ընթացքում սկսել են պայքարել իրենց իրավունքների համար:

Մասնակիցները վստահ են՝ այս կերպ հնարավոր է մարդկանց ուշադրությունը գրավել խնդիրների վրա: Նրանց ձեռքերում նաև թեմատիկ պաստառներ կային:

Մասնակիցներից, Սլովակիան ներկայացնող, 23-ամյա Մաթուշ Լաքին ասում է, որ ինժեների մասնագիտությունն իրեն չի խանգարում՝ հմտանալ ու գիտելիքներ ձեռք բերել ու փոխանցել նաև մարդու իրավունքների ու ժողովրդավարության հիմունքների մասին. «Սա իմ առաջին նմանատիպ ծրագիրն է , ես որոշեցի անպայման մասնակցել, ու ապագայում, եթե ես օրինակ մենեջեր լինեմ, այս օրերին սովորածս կարող է օգնել»:

 

Հաջորդելու է լոկալ փուլը, երբ մասնակիցներն արդեն իրենց երկրներում կկիրառեն ստացած փորձը: Ծրագրի՝ երրորդ ու վերջին մասն արդեն Բուդապեշտում է լինելու՝ եզրափակիչ համաժողովում, ուր եվրոպական մակարդակով կներկայացվի ամբողջ արվածը: Կազմակերպիչների խոսքով՝ Վիշեգրադի հիմնադրամի ֆինանսավորմամբ բազմաթիվ հաջողված ծրագրեր կան: