Ղարաբաղի հակամարտությունը հարավկովկասյան տարածաշրջանում

Ղարաբաղի, Աբխազիայի և Հվ. Օսիայի խնդիրները շատ հաճախ դրվում են մեկ հարթության վրա այն պատճառով, որ երեքն էլ Հարավային Կովկասում են և տարածաշրջանի զարգացման համար մեծ դեր ունեն: Ղարաբաղի խնդրի մասին «Ալիք մեդիայի» հետ զրուցել է Պորտուգալիայում և Կիպրոսում Վրաստանի գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար, նախկին դիվանագետ, GIPA (Georgan Institute Of Public Affairs) համալսարանի դասախոս Գիա Ջափարիձեի հետ:

«Մեզ հարավկովկասյան սոլիդարություն է հարկավոր, — ասում է Ջափարիձեն՝ հավելելով, — Եթե ուզում ենք զարգանանք, դուրս գանք անցյալի գերությունից ու աղքատությունից, ապա պետք է զիջման գնանք»:

Նախկին դիվանագետն ասում է որ, երբ փլուզվեց սովետական միությունը, բոլորս միակարծիք էին` պահպանել սահմանները: Թեև սահմանների կռիվը մինչ այժմ արդիական է:

Գիա Ջափարիձեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ նշում է Հայաստանի նոր կառավարության դերը՝ ասելով, որ «մեծ էնտուզիազմով դիմավորեցի Փաշինյանին իր հայտարարություններով»:

«Փաստ է, որ ՀՀ նախկին նախագահները, ովքեր ղարաբաղցի էին և եթե միջազգային դատարանի չափանիշներով նայենք, ապա նրանք Ադրբեջանի քաղաքացի էին, իսկ այս մեկը (Փաշինյանը) եկավ և հայտարարեց, որ Ղարաբաղը Հայաստանի մաս է», — ասում է Ջափարիձեն` միևնույն ժամանակ անդրադառնալով Ադրբեջանի կառավարությանը. «քանի դեռ Ալիևի կառավարությունն է, որևէ մեծ փոփոխության սպասել պետք չէ»:

«Ամենամեծ վախն այն է, որ Ղարաբաղը չռմբակոծվի», — ասում է նախկին դիվանագետը՝ օրինակ բերելով Հվ. Օսիան:

Անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին, Ջափարիձեն ասում է. «Հայերի և վրացիների մեջ մրցակցության թեման էլ արհեստականորեն է ստեղծված: Որ տարածքների խնդիր ունենք և այլն, դա արհեստական է»:

«Մեզ կոնկուրենցիա պետք չէ: Դա մեր հյուսիսային հարևանին է ձեռնտու միայն», — ասում է Ջափարիձեն:

Նրա խոսքով՝ Հարավային Կովկասի երկրները կդժվարանան Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածին դեմ գնալ (ՆԱՏՕ-ն անդամ երկրների անվտանգությունը կարգավորում է դաշինքի հիմնարար պայմանագրի 5-րդ հոդվածով, որի համաձայն մեկ անդամի վրա հարձակումը քննարկվում է որպես հարձակում Դաշինքի դեմ):

«Այդ պատճառով է, որ ավելի փոքր Էստոնիան խաղաղ է, հանգիստ և տեսեք, թե ոնց են զարգանում: Ինչպիսի՞ն էին և հիմա ինչպիսին են դարձել, և տեսե՛ք որտեղ ենք մենք», — հավելում է նա:

Նախկին դիվանագետն անդրադառնում է նաև տարածաշրջանի երկրների կառավարական այցերին և, որ կառավարության ղեկավարության փոփոխությունից հետո քննարկման թեմա է դառնում, թե նորընտիր/նորանշանակ ղեկավարը առաջինը ո՞ր երկիրն է այցելում: Նման քննարկումներ եղան Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի նշանակումից հետո: Քննարկման թեմա էր դարձել նաև Փաշինյանի՝ Կառավարություն գալուց հետո առաջին այցը:

«Երբ փոխվում է Կառավարությունը, առաջինն ուր գնում են դա հարևան երկիրն է: Հերթականությունը կապ չունի, թե առաջինը Ադրբեջան, Հայաստան կամ էլ Թուրքիա կգնան: Դրա վրա ուշադրություն դարձնելն էլ արդեն արհեստականորեն մանիպուլիացիայի և հարաբերություններ փչացնելու համար է:

Հենց Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո առաջինը մեզ մոտ եկավ, էլ ու՞ր պետք է գնար, բնական է, մենք ենք ամենամոտ հարևանը», — ասում է Ջափարիձեն:

Գնահատելով Հայաստանի ներկայիս քաղաքական և տնտեսական վիճակը՝ Ջափարիձեն ասում է, որ դանդաղ քայլելով միանգամից մեծ փոփոխություններ չեն լինի, բայց ակնհայտ փոփոխություններ կան:

Եվ վերջում, նախկին դիվանագետը հարավկովկասյան տարածաշրջանին նման գնահատական է տալիս. «Եթե համաձայնում ենք մնալ առկա սահմաններում, ապա ուրիշների տարածքների վրա աչք չպետք է դնենք, բայց երկրորդն էլ այն է, որ դու այդ տարածքն արդեն ունես: Ոչ ոք այս կոնֆլիկտում հաղթող չի, բոլորս ենք պարտվող: Այս երեք պետություններն էլ գերի են, մեծ պետության գերության մեջ են»: