Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միքանաձեն, Երիտասարդության գործակալության ղեկավար Ալեքսանդրե Քաջաիայի հետ միասին, հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության երիտասարդական պատվիրակությանը։
Նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ կողմերը խոսել են Վրաստանի և Չինաստանի միջև երիտասարդության ոլորտում համագործակցության խորացման, փորձի փոխանակման և կապերի ամրապնդման կարևորության մասին։ Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձևաչափով։
Նախարարության աջակցությամբ՝ Չինաստանի երիտասարդական պատվիրակությունը Վրաստանում է օգոստոսի 9-15-ը, իսկ հյուրընկալող կողմը Երիտասարդության գործակալությունն է։
Այցի նպատակը երկրների միջև հարաբերությունների խորացումն է, մշակութային ու միջանձնային կապերի ամրապնդումը և երիտասարդական ոլորտում փորձի փոխանակման խթանումը։
Այցի շրջանակներում նախատեսվում են Վրաստանի պատմամշակութային տեսարժան վայրեր, թանգարաններ և կրթական տարածքների այցելություն, վրացական ավանդույթներին առնչվող միջոցառումների և վարպետության դասերի անցկացում։