Գուսան Հավասու ծննդավայր Այազման

Ծալկայի շրջանի Այազմա գյուղում ակնկալում են, որ գուսան Հավասու տուն-թանգարան կբացվի, գյուղի հանդեպ հետաքրքրությունը կբարձրանա, իսկ երիտասարդներն էլ ձգտում են փոխել գյուղի կյանքի միապաղաղ ընթացքը:

Այազման հայաբնակ գյուղ է Քվեմո Քարթլիի Ծալկայի շրջանում։ Այստեղ ավելի քան 80-90 ընտանիք է ապրում: Այազմա նշանակում է «օրհնած ջուր»։

Այազման առանձնահատուկ գյուղ է Ծալկայի շրջանում՝ բնակչության հյուրընկալությամբ, աշխատասիրությամբ, միասնականությամբ։ Հպարտորեն պատմում է գյուղի տարեց բնակիչ Վոլոդյա պապը (Վոլոդյա Առաքելյան)։

Այազմա գյուղը գուսան Հավասու (իսկական անունը՝ Արմենակ Պարսամի Մարկոսյան) ծննդավայրն է։ 2017 թվականին Արամյան եղբայրների հովանավորությամբ այստեղ տեղադրվել է գուսան Հավասու արձանը։ Գյուղի դպրոցի տնօրեն Արթուր Էլոյանը նշում է, որ դա շատ մեծ իրադարձություն էր գյուղի համար, իսկ հիմա տեղացիները մտադիր են գյուղում բացել տուն — թանգարան:

«Արդեն կան մարդիկ, ովքեր ցանկություն են հայտնել հովանավորել մեր կողմից մտածված ծրագիրը, հուսանք ամենինչ կստացվի», — ասում է Արթուր Էլոյանը։ 

Այազմայում բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ և հողագործությամբ՝ կարտոֆիլ ու կաղամբ են մշակում։

«Ալիք Մեդիայի» հետ զրույցում Այազմայի բնակիչ 90-ամյա Վոլոդյա Առաքելյանն էլ ասում է, որ գյուղի գլխավոր խնդիրներից է գազի բացակայությունը, ճանապարհների անբարեկարգ վիճակը։

«Որոշ ժամանակ առաջ գյուղում գազախողովակներ տեղադրվեցին, սակայն մինչ օրս չեն ծառայում իրենց նպատակին, աշխատանքների ժամանակ ճանապարհներն էլ իրենց հերթին վնասվեցին»։

Արթուր Էլոյանն իր հերթին նշում է, որ գյուղում ջրի խնդիր կա, ասում է՝ բազմիցս փորձել են լուծել, սակայն ֆինանսների պատճառով կիսատ է մնացել։

«Խմելու ջուր միայն գյուղի ներքևի թաղամասն ունի, ջրամբարը չի բավարարում ամբողջ գյուղին, իսկ ամառը՝ ջուրը պակասելու դեպքում, ընդհանրապես չի հերիքում։ Փորձեցին նախագիծ իրականացնել և հարևան Նարդևան գյուղի ջուրը միացնել ջրամբարին, սակայն ծրագիրն կյանքի կոչվեց մինչև գյուղամեջ և ֆինանսների պատճառով կիսատ մնաց», — պատմում է Արթուր Էլոյանը։

Նա նաև նշում է, որ արդիական խնդիր է երեխաների համար խաղադաշտի բացակայությունը, որը բազմիցս փորձել են լուծել, սակայն ֆինանսների պատճառով կրկին անավարտ է մնացել։ 

«Մեր գյուղում գլխավոր խնդիր է հանդիսանում աղբամանների բացակայությունը․ 2 հատ աղբաման կա, այն էլ գյուղից դուրս, այդ պատճառով բնակչությունը չգիտի աղբը ինչ անի,  գյուղում հարմար աղբատեղի է գտնում աղբ լցնելու համար, որն էլ էկոլոգիայի կանոնների խիստ խախտում է հանդիսանում։ Աղբը կուտակվում է և մեծ վնաս հասցնում մեր բնությանը, դրա համար էլ լավ կլինի, եթե հենց գյուղում տեղադրվեն աղբամաններ և  շաբաթը գոնե մեկ անգամ կարողանան դատարկել դրանք», — նշում է Արթուր Էլոյանը՝ հավելելով, որ այս տարի նախատեսվում է վերսկսել շինարարական աշխատանքները։ 

Այազմայի բնակչությունը՝ ձգտելով ավելի լավ կյանքի, հեռանում է գյուղից և բնակություն հաստատում արտերկրում, քանի որ գյուղում չկան աշխատատեղեր, երիտասարդների հետաքրքրությունն ապահովող պայմաններ։

«Գյուղում եկամտի միակ աղբյուրը գյուղատնտեսությունն է․ այստեղ գործում է դպրոց, որը նույնպես անբարեկարգ վիճակում է գտնվում և մինչ օրս չի վերանորոգվել․ 1936 թվականի շինություն է, իսկ թե ինչ իրավիճակ է ներսում, չեմ էլ պատկերացնում: Մեր երեխաները 9-րդ դասարանից հետո կողքի գյուղ են հաճախում», — հոգոց հանելով պատմում է 90-ամյա Վոլոդյա պապը։

Վերոնշյալին ի պատասխան դպրոցի տնօրեն Արթուր Էլոյանն ասում է. «Մեր գյուղում ամեն տարի իրականացվում են տարբեր պետական ծրագրեր, այս տարվա հիմնական ծրագիրն էլ նոր դպրոցի կառուցումն է, որն իրականացնում է Կրթության նախարարությունը և Ծալկայի մունիցիպալիտետի Ռեսուրս կենտրոնը։ Նախատեսվում է կառուցել նոր դպրոց մոտ 80 աշակերտի համար, որը պետք է համապատասխանի եվրոպական ստանդարտներին, 2022-2023թթ․ ուսումնական տարում պետք է պատրաստ լինի՝ երկու տարվա ընթացքում ստանալով Այազմայի հանրային դպրոցի կարգավիճակ»: 

9-ամյա Այազմայի դպրոցում սովորում է 37 աշակերտ, իսկ 46 աշակերտ հաճախում է հարևան գյուղի դպրոց: Այստեղ 16 ուսուցիչ է աշխատում է։

«Ալիք Մեդիայի» հետ զրույցում Այազմայից 19-ամյա Դիանա Մանասյանը, ով Թբիլիսիի պետհամալսարանի ուսանողուհի է, մեծ ոգևորությամբ է խոսում հայրենի գյուղի մասին, անդրադառնում նաև երիտասարդների առօրյա կյանքին, հետաքրքրություններին, ինչպես նաև առկա հիմնախնդիրներին։

«Այազման փոքրիկ հայաբնակ գյուղ է, սովորական առօրյայով ու կենցաղով, այստեղ կյանքը շատ հանգիստ է ընթանում, մարդիկ ավելի ինքնաբավ են և խաղաղ, այստեղի դրական կողմերից մեկն այն է, որ երիտասարդությունը շատ համախմբված է և կյանքով լեցուն»:

Դիանան նշում է, որ գյուղում երիտասարդությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսական աշխատանքներով, քանի որ չկա ո՛չ գրադարան, ո՛չ ակումբ, սակայն հնարավորության սահմաններում երիտասարդությունը փորձում է լուծում տալ այս հիմնախնդիրներին։

«Չնայած այս ամենին փորձում ենք փոխել կյանքի միապաղաղ ընթացքն ու հաղորդել գույներ», — ասում է Դիանան՝ հավելելով, որ եթե ունենա հնարավորություն, կավելացնի կրթական հաստատությունները, ինչպիսիք են՝ մանկապարտեզ, գրադարան, որն առաջնային է կրթությունը ավելի որակյալ դարձնելու, ինչպես նաև խմբակներ ստեղծելու ուղղությամբ։

Այազմեցիները ցանկանում են, որ իրենց համայնքում հիմնվեն աշխատատեղեր, ժամանցի կենտրոններ, որպեսզի բնակչությունը չհեռանա հայրենի գյուղից։

Հեղինակ՝ Անի Հարությունյան