Գյուղատնտեսության զարգացման մարտահրավերները Ջավախքում․ հարցում

Սամցխե-Ջավախեթիում գյուղատնտեսությունը գերակա ոլորտ է, սակայն ֆերմերների խոսքով՝ այս ոլորտի հետ կապված մարտահրավերներն ու ռիսկերը հատկապես վերջերս՝ շատ են: Հատկանշական է, որ շրջանի մակարդակով ՀՆԱ-ի 49 տոկոսը բաժին է ընկնում գյուղատնտեսության ոլորտին։ Միևնույն ժամանակ, բնակչության մեծ մասն աշխատում է  հենց այս ասպարեզում։ Մարզում կա մոտ 60 հազար տնտեսություն։

Վրաստանում վերջերս գործարկված ֆերմերների աջակցության ծրագիրը ևս ոչ բոլորին է հասանելի։ Շատ քաղաքացիների անհանգստացնում է գյուղատնտեսական պարագաների, քիմիկատների, վառելիքի և տեխնիկայի գների բարձրացումը, շատերը որոշ խնդիրների պատճառով սուբսիդավորումից չեն կարողանում օգտվել։

«Վար ու ցանքի սեզոնի հետ ամեն ինչի գինը բարձրացել է, սա, բնականաբար, անհանգստացնում է հատկապես հողագործությամբ զբաղվողներին։ Տրակտորի համար անհրաժեշտ վառելիքի գինն այնքան թանկ է, որ շատերը գերադասում են հին ու ավանդական մեթոդը կիրառել՝ ձեռքով աշխատանքը, ինչը չափից դուրս բարդ է», — ասում է Ախալքալաքի բնակիչ Արշավիր Մկոյանը։

«Ես Ախալքալաքի շրջանի 3 գյուղերում հողատարածքներ ունեմ, զբաղվում եմ հողագործությամբ, սակայն շատերին թվում է, թե մեծ եկամուտ ենք ստանում։ Քիմիկատները այս տարի այնքան թանկ են, որ ֆերմերը չգիտի ինչպես վարվել», — ասում է հողագործ Վարդան Հովսեփյանը։

«Գյուղում թեպետ չեմ ապրում, բայց, այնուամենայնիվ, պատկերացնում եմ, որ շատ դժվար է այս թանկացումների ֆոնին սկսել կարտոֆիլի սեզոնը, ծանոթներիցս շատերն են բողոքում։ Ֆերմերներին, ըստ իս, հիմնականում խանգարում են թանկացումներն ու պետության կողմից ոչ էական աջակցությունը», — նշում է Հայկանուշ Ղարսլյանը Նինոծմինդա քաղաքից։

Վերջինս նաև հավելում է, որ լսել է գյուղատնտեսական նոր ծրագրի մասին, սակայն շատերը հողը վարձակալում են, հատկապես քաղաքների բնակիչները, և նրանց դա բաժին չի հասնում, կամ 1 հա-ից շատ հողատարածք ունեն։

Ախալքալաքի շրջանի Չունչխա գյուղից Խվիչա Միքելաձեն օգտվում է ծրագրից, սակայն նշում է, որ ֆերմերների առաջ շատ մարտահրավերներ կան․

«Իմ հողատարածքները գրանցած են, միշտ մասնակցել եմ գյուղատնտեսական ծրագրերի, նաև թեմայով դասընթացների, ունեմ բավական գիտելիք, սակայն, այդուհանդերձ, հողագործները միշտ մեծ ռիսկի առաջ են կանգնած։ Եղանակից էլ է բխում մեր եկամուտը, կարող է կարկուտը ամբողջովին ոչնչացնել բերքը, իսկ եթե ուզում ես ապահովագրել դաշտերը, ապա մեծ գումար է հարկավոր», — նկատում է Միքելաձեն։

Ախալքալաքից Գրիգոր Բարսեղյանը նշում է, որ հողերի գրանցման խնդիրը միշտ առկա է եղել, այժմ էլ, ով չի գրանցել իր հողերը հանրային ռեեստրում, չի կարող մասնակցել գյուղատնտեսական ծրագրին․

«Իհարկե, պետության տրամադրած գումարը շատ քիչ ծախսեր կարող է փակել, սակայն, այնուամենայնիվ, լավ կլիներ, որ բոլորը ստանային, ցավոք շատերը հողերի գրանցման խնդիր ունեն», — ասում է ֆերմերը։

Ախալքալաքի շրջանի Օրջա գյուղի բնակիչներից մեկն էլ շեշտեց, որ շատ խնդիրների հետ է կապված Ջավախքում գյուղատնտեսությամբ զբաղվելը, այնուամենայնիվ, ուրիշ ելք չկա․

«Ե՛վ կլիմայական, և՛ ֆինանսական խնդիրների առաջ են կանգնած մեր շրջանի ֆերմերները, կարտոֆիլը համեմատաբար բարձր գին ունի, սակայն հիմա միայն հին կարտոֆիլն է պահեստներում, նորը տեսնենք ինչպես կիրացվի։

Գարու և ցորենի գինը ևս բավականին բարձր է, սակայն սրանց հետ մեկտեղ բարձր են մնացած ծառայությունների և ապրանքների գները»։

Ախալքալաքի բնակիչ Սիմոն Ստեփանյանն ունի իր սեփական գյուղտեխնիկան, ամեն սեզոնի գնում է գյուղեր, տրակտորով մշակաբույսեր ցանելու և մշակելու․

«Այս տարի իրոք ռեկորդ սահմանեց գնաճը, երբ ասում ենք կարտոֆիլ ցանելը գրեթե 2 լարի արժե մեկ քառակուսի մետրի համար, մտածում են մենք ենք գինը թանկացրել, սակայն դա կապված է «դիզել» վառելիքի թանկացման հետ՝ մեկ լիտրը 4 լարի է»։

Շրջանի ֆերմերները հույս են հայտնում, որ այս տարին գյուղատնտեսության համար բարենպաստ կլինի․

«Կարևոր է, որ ապրանքը ժամանակին և առանց փչանալու կարողանանք իրացնել, բոլոր խնդիրներն էլ լուծելի են, յուրաքանչյուր տեսակի աջակցություն ուղղված ժողովրդին, իհարկե ողջունելի է, սակայն կարևոր է, որ այն բաժին հասնի բոլորին, շատերը ունեն նման օգնության կարիք», — նշում է հողագործներից մեկը։

Հիշեցնենք, որ Վրաստանում մեկնարկել է ֆերմերներին աջակցության ծրագրի փոխհատուցումների փուլը։ Վրաստանի կայուն զարգացման և էկոնոմիկայի նախարարության տրամադրած աջակցությունն ուղղված է այն հողագործներին, որոնք հանրային ռեեստրում առնվազն 0․25 և առավելագույնը 1 հեկտար հողատարածք ունեն գրանցած։