Առողջապահության նախարարությունը խորհրդարան է ներկայացրել օրենսդրական փոփոխություն, որը նախատեսում է ավել վճարված պետական փոխհատուցումների համաներում: Նախաձեռնությունը վերաբերում է այն դեպքերին, երբ շահառուներին տարբեր պատճառներով հավելյալ գումար էր փոխանցվել, և օրենքով պահանջվում էր դրանց վերադարձը:
Նախաձեռնության համաձայն՝ 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ավել վճարված պետական նպաստներն ու փոխհատուցումները կհամարվեն օրինական, և շահառուներից կամ հանգուցյալների ժառանգներից դրանց վերադարձն այլևս չի պահանջվի: Միաժամանակ կդադարեցվեն համապատասխան վարչական, դատական և կատարողական վարույթները:
Օրինագծի պարզաբանման համաձայն՝ ավել վճարված փոխհատուցումները հիմնականում կապված են տեղեկատվության ուշացման հետ: Մասնավորապես, նշվում են այնպիսի դեպքեր, ինչպիսիք են շահառուի հանրային գործունեություն սկսելու մասին տեղեկությունը ժամանակին չհայտնելը, նաև համապատասխան համակարգերում փոխհատուցում ստացող անձի մահվան փաստի ուշացումով արձանագրումը:
Գործող կարգով՝ նման հավելյալ վճարումները քաղաքացիները պետք է վերադարձնեին բյուջե, ինչը հաճախ կապված էր թե՛ ֆինանսական դժվարությունների, թե՛ դատական վեճերի հետ: Օրինագծի հեղինակների գնահատմամբ՝ այս գործընթացը հատկապես խնդրահարույց է տարեցների և սոցիալապես խոցելի խմբերի համար:
Սոցիալական ծառայությունների գործակալության տվյալներով՝ փոփոխությունը կվերաբերի մոտ 252 անձի, իսկ բյուջե վերադարձման ենթակա գումարի ծավալը կազմում է շուրջ 600 հազար լարի: Այս պահին նաև դատարանում քննության փուլում է գտնվում 32 գործ:
Ըստ պարզաբանման՝ սոցիալական նպաստների և այլ փոխհատուցումների տրամադրման գործընթացում ներգրավված են պետական տարբեր գերատեսչություններ, որոնք որոշ դեպքերում տվյալների բազան ժամանակին չեն թարմացրել, ինչն էլ հանգեցրել է հավելյալ փոխհատուցումների հաշվեգրմանը: Նման օրինակներ են մահվան ուշացած գրանցումը և այլ փոփոխություններ, որոնք կապված են օգնություն ստացողների բազայի ամենամսյա թարմացման հետ:
Խորհրդարանում փոփոխության նախաձեռնողը Վրաստանի կառավարությունն է, իսկ նախագիծը մշակել է Օկուպացված տարածքներից տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը: