Հանրային պաշտպան չընտրելը սպառնում է Վրաստանի եվրաինտեգրման գործընթացին. ՀԿ-ներ

Վրաստանում գործող հասարակական կազմակերպություններից (ՀԿ) մի քանիսը համատեղ հայտարարությամբ մտահոգություն են հայտնել հանրային պաշտպանի ընտրության գործընթացի ձախողման վերաբերյալ:

Ըստ նրանց տարածած հայտարարության՝ հանրային պաշտպան չընտրելը սպառնում է Վրաստանի եվրաինտեգրման գործընթացին։ Նրանք իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը կոչ են անում համագործակցել ընդդիմության և քաղաքացիական հասարակության հետ։

«Դեկտեմբերի 22-ին Վրաստանի խորհրդարանը քվեարկեց հանրային պաշտպանի թեկնածուների օգտին, սակայն նրանցից ոչ ոք չհավաքեց անհրաժեշտ թվով ձայներ. նման արդյունքն արդեն հայտնի էր, քանի որ խորհրդարանական մեծամասնության առաջնորդները քվեարկությունից մեկ օր առաջ հայտարարեցին, որ ընդդիմության հետ հնարավոր չէ համաձայնություն ձեռք բերել որևէ թեկնածուի շուրջ…

Նշենք, որ քաղաքացիական հասարակության առաջադրած թեկնածուներին սատարում էր խորհրդարանական ընդդիմության մի ստվար զանգված, և իշխող թիմի աջակցությամբ հնարավոր կլիներ ընտրել նոր հանրային պաշտպան։ Նշենք նաև, որ այս թեկնածուները արժանացել են խորհրդարանի նախագահի ստեղծած հանձնաժողովի ամենաբարձր գնահատականին»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:

ՀԿ-ները նշել են, որ չնայած հանրային պաշտպանի պաշտոնում սեփական թեկնածուին չառաջադրելու խոստմանը, մրցույթի հաջորդ փուլում «Վրացական երազանքը» փորձել է ընդդիմությանն առաջարկել իր նախընտրած հինգ թեկնածուներին և կտրականապես հրաժարվել է բարձր որակավորում ունեցող թեկնածուներին սատարելուց:

«Հանրային պաշտպանի պաշտոնում անկուսակցական, անկախ և իրավասու անձի ընտրությունը 12 առաջարկություններից մեկն է, որն անհրաժեշտ է Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար։ Հանրային պաշտպանի ինստիտուտը շատ կարևոր է երկրում մարդկանց, այդ թվում՝ խոցելի խմբերի իրավունքների և շահերի ապահովման համար։

Ի հավելումն վերը նշված 12 որոշակի պայմանի, անկախ անձի ընտրությունը որպես հանրային պաշտպան` հնարավորություն կընձեռի նվազեցնելու բևեռացումը երկրում…»:

Հայտարարությունը ստորագրել են`

  • Արդար ընտրություններ և ժողովրդավարության միջազգային հասարակությունը (ISFED),
  • Մարդու իրավունքների կենտրոնը,
  • Թրանսփարենսի ինթերնեշնլ-Վրաստանը,
  • Տնտեսական քաղաքականության հետազոտությունների կենտրոնը (EPRC),
  • Եվրոպական-վրացական ինստիտուտը,
  • Վրաստանի բարեփոխումների ասոցիացիան (GRASS),
  • Բաց հասարակական հիմնադրամները,
  • Վրաստանի դեմոկրատական ​​նախաձեռնությունը (GDI) և այլն: