ID քարտերով վրաց-հայկական սահմանը հատել դեռևս հնարավոր չէ

Վրաստանի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիները դեռևս չեն կարող սահմանը հատել նույնականացման (ID) քարտերով:

Հարկ է նշել, որ հունվարի 27-ին լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել Վրաստանի կողմից «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի վավերացման մասին:

Ընդգծենք, որ խոսքը գնում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կողմից ստորագրված որոշման մասին, ըստ որի՝ Ղարիբաշվիլին Վրաստանի Արտաքին գործերի նախարարությանը հանձնարարում է.

  • տեղեկացնել Վրաստանի նախագահին և Վրաստանի խորհրդարանին սույն բանաձևի առաջին հոդվածում նշված համաձայնագրի կնքման մասին,
  • տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կողմին Վրաստանի կողմից սույն որոշման առաջին հոդվածում նշված համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ​​ընթացակարգերի ավարտի մասին։

Հարկ է նշել, որ Վրաստանում ՀՀ դեսպանատունն այսօր վերոգրյալի մասին պարզաբանող հայտարարություն է տարածել:

«27-ին ԶԼՄ-ներում տեղեկատվություն է տարածվել Վրաստանի կողմից «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի վավերացման մասին, որը Հայաստանի և Վրաստանի քաղաքացիների համար պետք է հնարավորություն ստեղծի հատել հայ-վրացական սահմանը նույնականացման (ID) քարտերով։

Տեղեկացնում ենք, որ խոսքը գնում է Վրաստանի կողմից համաձայնագրի վավերացման մասին։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Հայաստանի Հանրապետության ներպետական վավերացման գործընթացի ավարտից հետո», — նշված է տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ հայաստանյան և Վրաստանում գործող հայալեզու մեդիաները հիմանկանում տեղեկությունը տարածել էին՝ հղում կատարելով հայկական «Արմենպրես» և «Առաջինի լրատվական ալիք» լրատվական գործակալություններին:

Վրաստանում վերոնշյալ տեղեկատվությունը տարածել էր Սամցխե-Ջավախեթիի Նինոծմինդայի մունիցպալիտետում գործող համայնքային RadioNor լրատվականը:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրամանը՝ Վրաստանի կողմից համաձայնագրի վավերացման մասին