Իմ գյուղը. Հեշտիա

Ներկայացնում ենք «Իմ գյուղը» թեմայով շարադրությունների մրցույթին ներկայացված հերթական շարադրությունը: Մրցույթին մասնակցում են Վրաստանի հայկական գյուղերի աշակերտները և ոչ միայն: Ուղարկեք ձեր գյուղի մասին պատմող շարադրությունները մեզ, և դրանք տեղ կգտնեն մեր կայքում ու ֆեյսբուքյան էջում:

Իմ հայրենի բնօրրանը՝ Հեշտիան, Ջավախքի հնագույն գյուղերից է։ Այն իր այցելուների առաջ բացում է նոր և դրախտային մի աշխարհ՝ լի բնության գեղեցիկ տեսարաններով, որոնք զարդարում են իմ շատ սիրելի գյուղը։ Ամեն գյուղ ունի իրեն բնորոշ ճակատագիր, ու ինչպես բոլոր գյուղերը, իմ գյուղն էլ ունի իր առանձնահատուկ կողմերը, սարեր ու լեռներ, դաշտեր ու ձորեր, սրբավայրեր ու հուշակոթողներ։ Պատմական հարուստ անցյալով նշանավորված գյուղը ծվարած է սարերի գրկում։ Բազմաթիվ աղբյուրներ, հուշակոթողներ, ուխտատեղիներ ամբողջացնում են մի ինքնատիպ աշխարհ, որը միշտ բաց է բոլոր մարդկանց առաջ։

Պատմական հարուստ ժառանգություն է հանդիսանում Քյորօղլի կոչվող անառիկ բերդ-ամրոցը։ Հեշտիայի բարձրանիստ բլուրների վրա հանգչում են հնադարյան ամրոցի լուռ ու խորհրդավոր ավերակները։ Քյորօղլու մասին հորինվել են լեգենդներ, հյուսվել պատմություններ։ Անցել են տարիներ, նույնիսկ դարեր, մնացել են միայն բերդ-ամրոցի ավերակները, և առասպելներ են պատմում Քյորօլու քարերը միայն։

Գյուղի հազարամյա պատմությունն է իր մեջ ամփոփում Սուրբ Աստվածամոր եկեղեցին, որը կառուցվել է 1856 թվականին։ Եկեղեցին ողջ հասարակության համար առանձնակի նշանակություն ունի։ Եկեղեցին կառուցված է գյուղի կենտրոնական մասում՝ «Ժամի տակ» և «Պալի տակ» կոչվող աղբյուրների վերևում։ Եկեղեցին տեսանելի է գյուղի ցանկացած անկյունից։ Եկեղեցու զանգերը գյուղում ազդարարում են կիրակնօրյա պատարագը։

Բացի եկեղեցուց գյուղում կան այլ սրբավայրեր՝ «Սուրբ Անտոն Ճգնավոր», «Սուրբ Գևորգ», «Գլոյի ուխտ», «Պալարների» և «Քյաֆորի» ուխտերը։

Գյուղը հայտնի է իր սառնորակ աղբյուրներով, որոնցից են՝ Իրեք լալա, Խալաչ, Հոնոի, Պալ տգու, Ցվրդան աղբյուրները։

Գյուղն ունի երկու հանրային դպրոց։ 1904 թվականին Հեշտիայում կառուցվում է այն ժամանակներում Ջավախքի լավագույն դպրոցներից մեկը, իսկ 1965 թվականին Հեշտիայում բացվեց նոր դպրոց՝ Հեշտիայի թիվ 2 հանրային դպրոցը։ Իսկ Հեշտիայի թիվ 1 հանրային դպրոցը անվանվեց Հեշտիայի Վիկտոր Հովսեփյանի անվան թիվ 1 հանրային դպրոց։

Ջավախքի մեծ զավակների շարքում իր արժանի տեղն ունի բանաստեղծ Վիկտոր Հովսեփյանը։ Վիկտոր Հովսեփյանը ԽՍՀՄ, Հայաստանի և Վրաստանի գրողների միության անդամ է եղել։ Հեշտիայի թիվ 1 դպրոցում երկար տարիներ աշխատել է մանկավարժ։ Նրա անունը հավերժացնելու նպատակով Հեշտիայի թիվ 1 դպրոցը վերանվանվեց Վիկտոր Հովսեփյանի անվան թիվ 1 հանրային դպրոց։ 1997 թվականին Հեշտիայում հիմնադրվել է Հովսեփյանի տուն-թանգարանը։ Բանաստեղծի հարուստ գրական ժառանգությունը գտնվում է իր իսկ հայրենի գյուղում։ Իր իսկ ձեռքով կառուցված տանը Հովսեփյանn ապրել է մինչև 1996 թվականը։ Այժմ այն Հովսեփյանի տուն-թանգարանն է։ Տան բակում է գտնվում Հովսեփյանի կիսանդրին։

Հեշտիան հեշտագին արբունք-հեշտանք է,
Գիշերների մեջ տամուկ մի շեր,
Կապույտ մուժի տակ տաք վերհուշանք է,
Գորտերի երգում ճոճվող գիշեր:
Աղբյուրի ծիծաղ, ասուպի խաղ է,
Մարգերի թույր է հաշիշաբույր,
Մշո մի փշուր,
Բյուրակնի տաղ է,
Կիսատ աղոթք է, կիսատ համբույր:
Կռունկի կանչ է, սագերի ճիչ է,
Մորս հայացքն է բարի, ներհուն,
Հեշտիան ձնագույն ձիու խրխինջ է,
Հիրոսիմայից հեռո՜ւ, հեռու…
Վիկտոր Հովսեփյանի մտահղացմամբ և նախաձեռնությամբ Հեշտիայի կենտրոնում կանգնեցվել է «Ջոջ քար» հուշարձանը՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմում զոհված հեշտիացիների։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ 600 հեշտիացիներ մեկնում են ռազմի դաշտ։ 213 հեշտիացիներ զոհվում են՝ հավերժ մնալով երիտասարդ ու կենսախինդ։ 
Գյուղը բազում արժանի զավակներ է տվել։ Ջավախքի նկարիչների համաստեղության մեջ առաջին մեծության աստղն է Հայաստանի,Վրաստանի և ՌԴ նկարիչների միության անդամ Սարգիս Արոյանը։ Նրա աշխատանքներում, դիմանկարներում, ամենուրեք զգացվում է նկարչի տարբերվող արվեստը։
Գյուղն առավել աչքի է ընկնում իր աննման բնությամբ, որը ոչ մի այցելուի աչքից չի վրիպում։ Առանձնակի հյուրընկալ ու բարի ժողովուրդ են հեշտիացիները, որոնց տան դռները միշտ բաց են գյուղ այցելած բոլոր մարդկանց առջև։ Անհնար է թվել գյուղի բոլոր տեսարժան վայրերը, քանի որ շատ-շատ են, բայց միշտ փորձում ենք պահպանել մեր պատմական և մշակութային հարստությունները, քանի որ ազգը հարուստ է իր պատմությունով։
Երբ հարցնում են, թե ինչո՞վ է հայտնի ձեր գյուղը, անմիջապես որպես պատասխան լսում են «Իր Քաղոն սարով»։ Այո՛ իսկապես, մենք միշտ հիացել ենք այս հրաշք տեսարանով, որը գրեթե ամեն օր տեսնում ենք՝ մենք մանկուց տեսել ենք այս գեղեցիկ տեսարանը և հպարտացել, որ այստեղ ենք ծնվել և մեծացել։
Հեղինակ՝ Ռոզա Յաժյան