Ծաղկազարդ․ Արևշատի փոքր եկեղեցու մեծ տոնը

Հայ առաքելական սուրբ եկեղեցին այսօր՝ ապրիլի 14-ին տոնախմբեց Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը։

Մեծ պահքի վերջին կիրակի օրը նշվող տոնը նվիրված է Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակին:

Այդ օրը ազդարարում է Հիսուս Քրիստոսի տանջանքների ու տառապանքների շաբաթվա սկիզբը, որ Նա կրեց՝ Իր վրա վերցնելով մարդկության մեղքերը:

Եռուսաղեմ Քրիստոսի հաղթական մուտքի ծամանակ ամբողջ ժողովուրդը դուրս էր եկել Քրիստոսին ընդառաջ՝ բացականչելով՝ «Օվսաննա Բարձրյալին, օրհնյալ լինի Նա, ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում եւ Փառք բարձունքներում» (Մատթ 21:9):
Ժողովուրդը Երուսաղեմում նրան ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերը, ինչպես նաև իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա:

Ծաղկազարդի տոնը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ հռչակվել է որպես Մանուկների օրհնության օր:

Արարատյան հայրապետական թեմի Արևշատի Սուրբ Մարիամ եկեղեցում տոնը հատուկ է, պատրաստվում են երկար, ամբողջ համայնքով։

Վաղ առավոտյան եկեղեցու հոգևոր հովիվ Տ․ Հովսեփ քհն․ Սարգսյանին միանում են համայնքի պատանիները՝ Ս․ Պատարագին և տոնակատարություններին Տեր Հորն օգնելու նպատակով։

Հովհաննիսյան եղբայրները Լանջազատ համայնքից են։ 13, 11, ու 9-ամյա Հրաչյան, Արմենակն ու Սայադն արդեն մեկ տարի է եկեղեցի են հաճախում, բարձրանում Սուրբ Խորան, մասնակցում ժամերգություններին։ Տոնի ուրախության մաս է կազմում ուռենու ճյուղերի օրհնությունը, որոնց հավաքմանը նրանք նույնպես մասնակցում են  ու հատուկ խնամքով  հյուսում օրհնվելիք պսակները։

«Շատ սիրում ենք եկեղեցին, Տեր Հորը, Տեր Հովսեփը բացատրեց եկեղեցու արարողություններին մասնակցելու կարգը ու մենք որոշեցինք անպայման գալ։ Շատ սիրում ենք Ս․ Պատարագները»,- ասում է եղբայրներից ամենաաշխույժը՝ Հրաչյան։

Պատարագից երեսուն րոպե առաջ՝ 10:00, եկեղեցու քահանան հնչեցնում է եկեղեցու զանգերը՝ ժողովրդին Աստծո տուն հրավիրելու համար։ Րոպեներ անց եկեղեցու բակը մարդաշատ է։

«Ծաղկազարդի տոնը՝ թե՛ մանուկների, թե՛ մեծերի ամենաուրախ տոներից մեկն է։ Բոլորի համար ցնծություն է տոնի խորհրդին մասնակցելը։ Այն մեզ ներկայացնում է Քրիստոսի Երուսաղեմ մուտքի հիշատակը, որը խորհրդանշում է նաև Քրիստոսի մարդկային կյանք մուտք գործելը։ Եկեղեցու հայրերը մարդու մարմինը նմանեցնում են Երուսաղեմին, որտեղ Քրիստոս հաղթականորեն մուտք գործեց, իսկ տաճարը, որտեղ առաջինը գնաց Քրիստոս Երուսաղեմում, մարդու սիրտն է։ Քրիստոս մտնելով Աստծո տաճար՝ աղոթքի փոխարեն տեսավ ամեն տեսակի առևտուր, նյութական հոգսերով ու ձգտումներով բռնկված մարդկանց և Աստծո տան հանդեպ նախանձախնդրությամբ մաքրագործեց այն՝ հիշեցնելով, որ Աստծո տունը պետք է աղոթքի տուն լինի։ Տոնի խորհրդի միջով Քրիստոս մեր սրտերն է մտնում․ արդյոք ինչ է տեսնում  այնտեղ՝ աղո՞թք, թե՞ առևտուր, աշխարհիկ հոգսեր, թե հոգևոր խաղաղություն։ Հետևաբար տոնը գալիս է մեզ հիշեցնելու, որ Քրիստոս մուտք է գործում մեր կյանք և մենք պետք է մեր սրտերը պատրաստենք խաղաղությամբ ու ներդաշնակությամբ ընդունելու Քրիստոսին, որպեսզի չարժանանք Նրա բարկությանը։ Մեր սրտերից վանենք ամեն տեսակի աշխարհային հոգս, որպեսզի Քրիստոս այնտեղ մտնելով տեսնի միայն մաքրագործված տաճար»,-ասում է Տեր Հովսեփ քահանա Սարգսյանը։

Պատարագից հետո Տեր Հայրը կատարեց մանուկների օրհնության կարգ, ինչպես նաև օրհնվեցին ուռենու ճյուղերն ու բաժանվեցին հավատացյալներին։

Ծաղկազարդի տոնից հետո՝ երկուշաբթիից մինչեւ Սուրբ Հարության տոնը կոչվում է Ավագ շաբաթ: