Իտալական պիցցայից մինչև ավստրալիական կենգուրուի նրբերշիկ` Aiesec-ցիների ներկայացմամբ

Aiesec( ֆր.՝ Association Internationale des Étudiants en Sciences Économiques et Commerciales) միջազգային երիտասարդական ծրագրի վրաստանյան մասնակիցներն են` Վիրահայերի միություն հասարակական կազմակերպության հարկի տակ:

Իտալիան, Բելառուսը, Չինաստանը, Հորդանանը, Ավստրալիան, Կոստա Ռիկան, Ղրղզստանը, Հայաստանն ու Վրաստանը ներկայացնող երիտասարդներն այստեղ են` խոսելու իրենց պատմությունից ու աշխարհագրությունից, ազգային մշակույթից, ավանդույթներից ու իհարկե` խոհանոցից: Հանդիպումը կազմակերպվել էր Վրաստանի տարբեր ուսումնական հաստատությունների նախաձեռնությամբ:

Իտալական պիցցան, ավստրալիական կենգուրուի նրբերշիկը, բելառուսական աղանդերը, չինական խորհրդավորությունը, վրացական գինին ու հայկական լավաշը միջոցառմանը ներկայացվածի մի փոքրիկ մասն է միայն:

«Վրաստանը հարուստ է իր մշակույթով` ինչպես ազգային, այնպես էլ ազգային փոքրամասնությունների, այդ պատճառով էլ որոշեցինք ներկայացնել հատկապես մշակութային կողմը, այս հանդիպումը նվիրենք մշակույթին, խոհանոցին ու ավանդույթերին»,- ասում է Վիրահայերի միություն կազմակերպության ղեկավար Մարի Առաքելովան:

Aiesec-ը գլոբալ երիտասարդական կազմակերպություն է, որը զարգացնում է առաջնորդական հնարավորություններ` տարբեր ծրագրերի միջոցով ուսանողներին ու շրջանավարտներին ներգրավում փորձի փոխանակման ու միջազգային պրակտիկայի ծրագրերում:

Նույն ծրագրի շրջանակներում Վիրահայերի միությունը կազմակերպում է չինարենի անվճար դասընթացներ, այժմ ընթացքի մեջ է խմբի համալրումը: Կարող են դիմել բոլոր ցանկացողները: