Կախեթիում փորձում են վերացնել տարերային աղետի հետևանքները

Վրաստանի Կախեթիի մարզի Կղվարելիի մունիցիպալիտետում երեկվանից պայքարում են աղետի դեմ։

Հորդառատ անձրևը, կարկուտը և քամին խնդիրներ են ստեղծել քաղաքում։ Ջրով լցվել են բնակելի տների առաջին հարկերն ու նկուղները: Ծառերն արմատախիլ են եղել: Կղվարելիի Մարջանիշվիլիի փողոցում ավտոմեքենաների երթևեկությունը ժամանակավորապես արգելափակված է:

Տեղացիների խոսքով, տասնյակ հեկտար խաղողի այգիներ և միամյա մշակաբույսեր (եգիպտացորենի, արևածաղկի, ձմերուկի և սեխի այգիներ) ոչնչացել են։ Ուժեղ քամին տապալել է էլեկտրասյուները: Վնասվել են նաև լարերը։ Բնակչության մի հատվածը զրկված է էլեկտրաէներգիայից:

Ըստ հաղորդագրության, քաղաքապետարանի համապատասխան բոլոր ծառայությունները դուրս են եկել քաղաքի փողոցներ և փորձում են լուծել տարերային աղետի հետևանքով առաջացած խնդիրները։

Տեղում աշխատում են նաև Արտակարգ իրավիճակների ծառայության փրկարարական ջոկատները։