Շաբաթվա վրացական խճանկարը

«Ալիք մեդիան» առաջարկում է ծանոթանալ Վրաստանում շաբաթվա ընթացքում տեղի ունեցած կարևոր իրադարձություններին: Այսպիսով՝

  • Մայիսի 26-ին Վրաստանը նշեց անկախության 101-րդ ամյակը: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ հղեցին Վրաստանի իշխանությանը: Նիկոլ Փաշինյանը twitter-ի իր միկրոբլոգում Վրաստանի անկախության օրվա առթիվ վրացերենով գրառում էր կատարել:
  • Դավիթ Գարեջիի վանական համալիրում ևս մեկ բողոքի ակցիա անցկացվեց: Ակցիայի մասնակիցները կենդանի շղթա կազմեցին այդպիսով հավաստելով, որ դա Վրաստանի տարածքն է: Հիշեցնենք՝ վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող համալիրի շուրջ իրավիճակը թեժացել է հատկապես այն բանից հետո, երբ Ադրբեջանը զբոսաշրջիկների ու վրացի հոգևորականների առաջ փակել էր Գարեջիի անապատի վանքը։ Թեմայի շուրջ ավելի մանրամասն տեսանյութում:
  • Մայիսի 28-ին Թբիլիսիում նշվեց Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 101-րդ տարեդարձը։ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում հանրապետական մաղթանք հնչեց Հայաստանի և հայ ժողովրդի խաղաղ ու բարեբեր կյանքի համար: Այնուհետև Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված հանրապետության օրվան։ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն և Վրաստանի ԱԳ նախարարությունը առաջին հանրապետության օրվա առթիվ շնորհավորեցին հայ ժողովրդին:
  • Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նորանշանակ նախարար Նաթիա Թուրնավան հայտարարել է, որ պաշտոնանկ է արել նախարարության տեխնիկական և շինարարության վերահսկողության գործակալության պետ Գրիգոլ Կակուրիձեին: Ըստ նախարարի, Կակուրիձեն Փոթիի նավահանգստի դուստր ձեռնարկության հետ համագործակցել ու խորջրյա նավահանգստի կառուցման թույլտվություն է տվել, մինչդեռ այս որոշումը համաձայնեցված չէ նախարարության կամ կառավարության այլ անդամների հետ:
  • Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպեց Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Միխեիլ Բատիաշվիլիի հետ: Հանդիպմանը կողմերը քննարկել են բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության, փորձի փոխանակման, Վրաստանում հայալեզու դպրոցներում հայոց լեզվի դասաժամերի ու դասագրքերին առնչվող հարցեր։ ՀՀ ԿԳ նախարարն այցելեց Թբիլիսիի հայկական թատրոնի շինհրապարակ և Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոց:
  • Հունիսի 1-ին Նինոծմինդայի շրջանի Փոկա գյուղում նշվեց Սուրբ Նինոյի Վրաստան մուտք գործելու 1700 ամյակը: Օրեր առաջ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, որ հունիսի 1-ին Սուրբ Նինոյի ճանապահով է անցնելու: Մայիսի 31֊ի ուշ երեկոյան արդեն Սալոմե Զուրաբիշվիլին գտնվում էր Փոկայում: Երեկ միջոցառումներին մասնակցել էին նաև Վրաստանի վարչապետը և կառավարության այլ անդամներ: