ԿԳՆ-ն հերքում է ցուցարար ուսանողներին նախարարություն հրավիրելու լուրերը

Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը (ԿԳՆ) պնդում է, որ տարբեր լրատվամիջոցներով տարածված տեղեկությունն այն մասին, որ ակցիայի մասնակից ուսանողներին նախարարություն են հրավիրել, չի համապատասխանում իրականությանը։

Հաղորդագրության մեջ նշված է, որ Վրաստանի ԿԳ նախարարության համար կտրականապես անընդունելի են կրթական համակարգի և հարակից խնդիրների քաղաքականացումն ու քաղաքական շահերի համար օգտագործելու փորձերը։

«Նախ ուզում ենք նշել, որ նախարարության առաջնահերթություններից է ուսանողներին աջակցելը և նրանց հավասար, ազատ և առողջ կրթական միջավայրի ապահովումը, հետևաբար անընդունելի է երիտասարդներին հետապնդելու և խոսքի ազատության սահմանափակմանն ուղղված ցանկացած գործողություն։

Այս կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ուսանողներն իրենք են ցանկություն հայտնել հանդիպել Վրաստանի կրթության և գիտության փոխնախարար Նունու Միցկևիչին։ Դրանից հետո միայն ուսանողների խնդրանքով փոխնախարարը պատրաստակամություն հայտնեց հանդիպել երիտասարդների հետ»,- ասված է հայտարարության մեջ։

Նշենք, որ մարտի 7-8-9-ին Թբիլիսիում լայնածավալ բողոքի ակցիաներ սկսվեցին «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագծին առաջին ընթերցմամբ հավանություն տալու համար: Բողոքի ակցիաներ էին ընթանում նաև Վրաստանի տարբեր մարզերում և քաղաքներում: Ցուցարարներն օրենքի նախագիծն անվանում էին «ռուսական օրենք» և իշխանություններից պահանջում հետ կանչել օրինագիծը:

Ի վերջո, հանրային ճնշումների ներքո իշխանությունները հետ կանչեցին օրենքի նախագիծն ու քվեարկությամբ տապալեցին: Սրան նախորդել էին ցուցարարների վրա հատուկջոկատայինների կիրառած տարբեր տեսակի անհամաչափ գործողությունները, մասնավորապես՝ ջրցան մեքենա, պղպեղային սփրեյ և արցունքաբեր գազ: