Կիևն ու Թբիլիսին ընդհանուր թշնամի ունեն. Կասյանով

Վրաստանի նախագահականում ուկրաինական պատերազմի տարելիցին նվիրված միջոցառմանը, որը տեղի է ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նախաձեռնությամբ, Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը շնորհակալություն է հայտնե Զուրաբիշվիլիին՝ «սկզբունքային, հաստատուն դիրքորոշման համար»:

Կասյանովն ասել է, որ Ուկրաինան երախտապարտ է վրացիների աջակցության և պատերազմի ժամանակ ստացած մարդասիրական օգնության համար։ Կասյանովն իր խոսքում ընդգծել է, որ Ուկրաինան և Վրաստանը ընդհանուր թշնամի ունեն՝ Ռուսաստանը, և Ուկրաինայի հաղթանակն այս պատերազմում համաշխարհային նշանակություն ունի։

«Ուկրաինայի ժողովուրդը միասնական է: Ժողովրդավարական միջազգային հանրությունը հասկացավ, որ Ուկրաինայի հաղթանակից է կախված ոչ միայն Եվրոպայի, այլև ողջ աշխարհի ապագան: Ուկրաինացի զինվորները կանգնած են իրենց վրացի եղբայրների կողքին և ակտիվորեն պաշտպանում են երկիրը և փորձում են ոչնչացնել օկուպանտներին», — ասել է Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը:

Նա նաև հայտարարել է, որ վրացական դրոշի կողքին ուկրաինական դրոշը բարձրացնելը վկայում է վրաց ժողովրդի համերաշխության մասին, որը միավորում է երկու ազգերին՝ ընդդեմ Պուտինի ռեժիմի:

Ի դեպ, Ռուսաստանի կողմից Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց մեկ տարի անց Վրաստանի կառավարությունը հարկ չի համարել Կիևում պաշտոնական պատվիրակությամբ ներկայացված լինել։ Պատերազմի տարելիցի կապակցությամբ քաղաքացիները ծրագրում են հանրահավաք անցկացնել ի պաշտպանություն Ուկրաինայի:

«Երկու աթոռի վրա նստելու փորձ». ռուս-ուկրաինական պատերազմի մեկ տարին ու Վրաստանը