Կոբախիձեն քննադատում է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը

«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեի խոսքով, վրացի դատավորների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության թիկունքում «կոռուպցիոն գործընթացներ» են կատարվում։

«Բոլորս էլ հասկանում ենք, որ Էնթոնի Բլինքենը չի քնում կամ արթնանում՝ մտածելով Վրաստանի մասին։ Նա ուրիշ շատ անելիքներ ունի: Երբ այսպիսի հայտարարություն է անում, դա վկայում է կոռուպցիոն գործընթացների մասին»,- ասել է Կոբախիձեն «Իմեդի» հեռուստաալիքի եթերում։

Իրակլի Կոբախիձեի խոսքով՝ դատարանի անկախությանը միջամտելու շահագրգռվածությունը, այդ թվում՝ ԱՄՆ պետքարտուղարի վերջին հայտարարությունը, ցույց են տալիս, որ «մեզ որպես պետություն չեն դիտարկում»։

«Նրանք չեն ճանաչում մեր պետականությունը, և մենք պետք է մինչև վերջ պաշտպանենք մեր պետական ​​շահերը, բոլորին պետք է ցույց տանք, որ Վրաստանը պետություն է»,- ասել է Կոբախիձեն։

Հիշեցնենք՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարություն է տարածել վրացի դատավորների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին․ այդ դատավորներն են՝ Միխեիլ Չինչալաձեն, Լևան Մուրուսիձեն, Իրակլի Շենգելիան և Վալերիան Ցերցվաձեն:

Պետքարտուղարի հայտարարության համաձայն, ԱՄՆ Պետդեպարտամենտը նրանց նկատմամբ հրապարակայնորեն պատժամիջոցներ է կիրառում՝ համաձայն մուտքի արտոնագրի մերժման 7031 կետի «գ» կանոնի, կոռուպցիոն գործունեության մեջ նրանց ներգրավվածության պատճառով։