Կորոնավիրուսային պատումներ. Իմ, կատվիս և հեռավար դասերի մասին

Ինչ սկսել ենք հեռավար դասերը, էկրանից այն կողմ դասարանցիներս ու ուսուցիչներս են, իսկ զուգահեռ իրականությունում ես ու կատուս։ 

Կատուս ամեն օր ինձ հետ դաս էր անում ու ներքին համոզմունք ունեմ, որ քիմիան եւ կենսաբանությունը ինձնից լավ է սերտել, այդ պատճառով էլ հեռավար  ստուգողականներիցս մեկի ժամանակ, հակառակ իր ցանկության, բերել մոտս պահել էի, որովհետեւ ներքին համոզմունք ունեի, որ հենց նեղն ընկնեմ կատուս ինձ կօգնի։  

Կարող եմ ասել, որ միակ օֆլայն դասարանցիս կատուն էր, ու գիտեք  ամենահետաքրքիրն այն է,  օնլայն դասերի   ժամանակ նա շատ էր ինձ օգնում։ Մի առավոտ շատ դժվար արթնացա, ուշացած դասից,  երկուսով (ես եւ կատուս) մտանք հայոց լեզվի դասին, տեսախցիկն ու ձայնս անջատում էի, քանի դեռ ինձ դաս չէին հարցնում, բայց պարզվեց կատուն որոշել էր, որ մեր ամբողջ դասարանը եւ դասատուն պետք է ինձ տեսնեին անկողնուս  մեջ գիշերազգեստով եւ չսանրած մազերով դաս անելիս։ Այդ օրն հասկացա, որ իզուր էի թերագնահատում կատվիս համակարգչային ունակությունները,  բացի քիմիայից ու կենսաբանությունից, տեխնիկայից էլ է ցլուխ հանում։   Հեռավար դասերի ընթացքում ամենագրավիչը դասի ընթացքում հաց ուտելն  էր, ամեն դաս մի բրդուճ, հետո ակամայից սկսեցի դիետա պահել որովհետև իմ ընկեր կատուն ուտում էր իմ բոլոր բրդուճները  և սա  այն եզակի դեպքերից մեկն էր, երբ ինչ-որ մեկը ուտում էր իմ ձեռքով սարքած բրդուճները։

Նա  ինձ փոխարինում էր երբ ես թռնում էի դասերից, նաև վստահ եմ այս շարադրություն կարդալու ընթացքում կհասկանան իմ ուսուցիչները, որ մեր տանը հոգիներ չկան և կադրի հետևից ընկնող գրքերն իմ կատվի շնորհիվ էին։

Դասերից դուրս մենք խաղում էինք վոլեյբոլ, թռնում էինք պարանով,  կարդում էինք գրքեր (ի դեպ, կատուս սիրում է ընթերցանություն, երբ ես կարդում եմ` անշարժ պառկում է)։ իսկ Հարի Փոթերի յուրաքանչյուր մաս միասին արդեն քանի-քանի անգամ  դիտել ու քննարկել ենք։ Մի օր ես մասնակցեցի մրցույթի,  որի հերոսը դարձավ հենց իմ կատուն՝  նա ֆոտոների միջոցով մարդկանց ցույց էր տալիս վարակից ճիշտ պաշտպանվելու ձևը և ցույց տվեցինք մեր օնլայն դասերը։ Իմ կատուն շատ նման էր տնօրենի, չէր ուզում նկարահանվել, բայց դե` այլ տարբերակ չկար։

Հիմա, երբ դպրոց եմ գնում, ամեն առավոտ ինձ ճանապարհում է, իսկ երբ տուն եմ գալիս հաճախ է գնում նոթբուքի մոտ` ակնարկում դաս անել։ Ի՞նչ կասեք, մի օր դպրոց տանե՞մ  ընկերոջս։ 

Նարինե Տոնականյան 

Ախալքալաքի թիվ 4 հանրային դպրոց, 10-րդ դասարան

Նախագիծն իրականացվում է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութը պատրաստվել է Ալիք Մեդիայի «Կորոնավիրուսային պատումներ» խորագրով նոթերի մրցույթի շրջանակներում: Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել ԵՄ և Ալիք Մեդիայի խմբագրակազմի հայացքների հետ: