Կորոնավիրուսն ու ընտրությունները Վրաստանում. միջազգային դիտորդները մուտք կգործեն երկիր

Համաճարակի պայմաններում հոկտեմբերին նախատեսվող խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով միջազգային դիտորդները հնարավորություն կունենան Վրաստան այցելել, հետևել ընտրությունների ընթացքին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն:

Խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2020 թվականի հոկտեմբրի 31-ին: Այս պահի դրությամբ՝ ԿԸՀ-ն գրանցում է ընտրական սուբյեկտներին:

«Կանցկացվի կորոնավիրուսի թեստավորում, այլ դեպքերում միջազգային դիտորդների աշխատանքի համար խոչընդոտ չի լինի: Երկշաբաթյա կարանտին անցնելը բացառվում է, այդ դեպքում արդեն կորչում է դիտորդների այցելության իմաստը»,- ասել է Կոբախիձեն:

Նախնական տվյալներով՝ օգոստոսի 11-ից Վրաստանը կբացի սահմաններն արտասահմանյան այցելուների համար, դեռևս հայտնի չէ, սակայն, թե կոնկրետ ինչ սահմանափակումներ կգործեն նրանց համար:

Եվրամիությունն արդեն հուլիսի 1-ից բացել է սահմանները Վրաստանի համար. Երկիրը հայտնվել է 15 ամենաանվտանգ երկրների շարքում, որոնց քաղաքացիները հնարավորություն ունեն նվազագույն խոչընդոտներով մուտք գործել Շենգենյան գոտի: