Լավրովի կարծիքով՝ Թբիլիսին կմիանա «3+3» ձևաչափին

Ռուսաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Վրաստանի կառավարությունը կորոշի միանալ «3+3» ձևաչափին։ Այդ մասին Լավրովը հայտարարել է Թեհրանում, տարածաշրջանային համագործակցության հարթակի մասնակից նախարարների հետ հանդիպումից հետո։

Ըստ Լավրովի՝ բոլորը (նկատի ունի «3+3»-ի մասնակիցներին- խմբ.) համաձայն են, որ ձևաչափի դուռը բաց մնա Վրաստանի համար։

«Մենք հասկանում ենք, թե ինչու են Վրաստանի իշխանություններն առայժմ ձեռնպահ մնում «վեցնյակին» միանալուց։ Մենք գնահատում ենք, որ Թբիլիսին դիտարկում է այս հնարավորությունն ապագայում: Բոլոր առումներով Վրաստանի ներկայիս իշխանությունն իր բոլոր գործողություններում առաջնորդվում է հիմնականում ազգային շահերով, ինչը բազմիցս ապացուցել է։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ մոտ ապագայում «3+3» ֆորմատն ամբողջությամբ կգործի»,- հավելել է Լավրովը:

Մինչ այդ «3+3» ձևաչափի հանդիպման մասնակիցները հաստատել են, որ «պլատֆորմը բաց է Վրաստանի լիարժեք մասնակցության համար»։

Նշենք՝ Թբիլիսին, որ ևս ներառված է այս ձևաչափի մեջ, հայտարարություն էր տարածել այն մասին, որ չի մասնակցելու այդ ձևաչափին: Վրաստանի պաշտոնական դիրքորոշումն ի սկզբանե եղել է այն, որ չի պատրաստվում մասնակցել այդ նախաձեռնությանը։

Այս ձևաչափով առաջին հանդիպումը կայացել է 2021 թվականին, որին նույնպես պաշտոնական Թբիլիսին չի մասնակցել: Հանդիպմանը, սակայն, ներկայացվել է նաև Վրաստանի դրոշը, ինչի դեմ Թբիլիսին բողոքել է։

2020 թվականի դեկտեմբերին Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց Հարավային Կովկասում Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի մասնակցությամբ «տարածաշրջանային համագործակցության նոր հարթակ՝ ամուր խաղաղություն և կայունություն ապահովելու համար» (3+3) ստեղծելու նախաձեռնության մասին։ Դա տեղի է ունեցել Բաքվում Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպումից հետո, որին նախորդել էր Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնագիրը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին: